Լրագրողական կազմակերպություններն ընդդեմ ՀՌՀ-ի և հակառակը

Լրագրողական կազմակերպություններն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) և հակառակը. կողմերը միմյանցից խիստ դժգոհ են:

Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, խոսելով մեդիադաշտի խնդիրներից, դժգոհեց, թե լրագրողական մի շարք խոշոր կազմակերպություններ քննադատել են Կառավարության կողմից «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու գաղափարը:

«Նեղսրտեցին այդ հասարակական կազմակերպությունները, որ կառավարությունը դա արել է առանց իրենց հետ խորհրդակցության, չի կարելի ցանկացած լավ գործ արժեզրկել միայն նրա համար, որ դու դրա մեջ մասնակցություն չունես», - ասաց Տիգրան Հակոբյանը:

Հակոբյանը խեղաթյուրում է հայտարարության բովանդակությունը, ինչպես նաև՝ բուն խնդիրը, ի պատասխան հայտարարեցին լրագրողական 8 կազմակերպություններ:

«Իրականում հայտարարության իմաստն այն էր, որ եթե պետությունը որոշել է ձևավորել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ, ապա դրանից օգտվելու իրավունք ու հնարավորություն պետք է ունենան բոլոր տեսակի լրատվամիջոցները, որոնք պատրաստ են ստեղծել մշակութային, կրթական, մանկական, մարզական և այլ հանրային նշանակություն ու հետաքրքրություն ունեցող բովանդակություն», - նշված է հայտարարությունում։

Հայտարարության տակ ստորագրած «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ Տիգրան Հակոբյանը զբաղվեց նրանով, ինչն իր իրավասությունը չէ: Նա նկատեց, որ Հակոբյանը սկսել է հաճախ անդրադառնալ հասարակական կազմակերպությունների գործունեությանը՝ մեղադրելով, որ թերանում են լրագրողական միջավայրն առողջացնելու հարցում:

«Ես էստեղ կասեի, որ կարծես թե հիվանդությունը ցավոտ գլխից առողջ գլխի վրայի տեղափոխելու փորձ է կատարվում։ Լավ կլիներ Տիգրան Հակոբյանը պատշաճ կերպով իրականացնել ՀՌՀ-ի գործունեությունը և նպաստել իրական բարեփոխումներ իրականացնելու: Այն, ինչ արվում է, ամենևին էլ չի համապատասխանում սպասելիքներին», - ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահը:

Մելիքյանը հանձնաժողովի նախագահին հիշեցրեց, որ հայաստանյան հեռուստաեթերը խորը բևեռացված է, ինչը կարգավորելու խնդիրը պետության ուսերին է, հատկապես՝ ոլորտը կարգավորող մարմնի: Պետրոս Ղազարյանին տրված հարցազրույցում Հակոբյանը պնդեց, թե լրագրողական կազմակերպությունների թիրախում միայն իշխանության գործողություններ են, չեն քննադատվում այն լրագրողները, որոնք սադրում կամ ատելության խոսք են տարածում:

«Ինչ խոսք գնում է , ինչ հայտարարություն լինում է, այդ թվում՝ մեր հանձնաժողովի դեմ, դրանց մեջ կա «Գորիսի մամուլի ակումբ», մենք փնտրեցինք ու գտանք, որ ամեն տարի պետք է ֆինանսական հաշվետվությունը ներկայացնեն կայքում, կայքում ֆինանսական հաշվետվությունը չկար, մենք ՊԵԿ-ից ինֆորմացիա ստացանք, որ «Գորիսի մամուլի ակումբի » տարեկան բյութեն կազմում է մոտ 380 միլիոն դրաման: Այն հիմնադրամը, որ ստեղծվում էր տասնյակ հեռուստաընկերությունների համար, ընդամենը 250 միլիոն դրամ էր», - նշել է նա:

2000 թվականից գործող «Գորիսի մամուլի ակումբ» հայտարարություն է տարածել ու հորդորել առնվազն պաշտոնական կայքում ծանոթանալ մամուլի ակումբի գործունեությանը, ինչպես նաև մանրամասն ներկայացրել է իրենց գործունեությունը:

«Հեռուստատեսության, ռադիոյի հանձնաժողովի նախագահի կողմից Հանրային հեռուստատեսության եթերում հնչեցված պնդումները, որոնք հիմնված են ապատեղեկատվության և թերի իրազեկվածության վրա, կազմակերպությանը «թույլ օղակ» ներկայացնելու և թիրախավորելու փորձը դատապարտված է անհաջողության», - ասված է հայտարարությունում։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը ծայրահեղ կողմնակալ որակեց նաև իրենց ուղղված մեղադրանքը, թե լրագրողական կազմակերպությունները լռում և չեն քննադատում լրագրողական էթիկայի կանոններից դուրս գործող լրատվամիջոցներին կամ լրագրողներին: Մելիքյանը հորդորեց՝ անտեղյակ հայտարարություններ անելու փոխարեն ծանոթանալ իրենց հայտարարություններին:

Մելիքյանը չի հերքում՝ հատկապես օնլայն հարթակում գործող լրատվամիջոցներում խնդի կա ապատեղեկատվության, բևեռվածության, քարոզչության, սակայն պնդեց՝ բոլորին չի կարելի նույն հարթության մեջ դնել: Որակյալին, ըստ Աշոտ Մելիքյանի, պետք է աջակցել, որ մյուսները մնան լուսանցքում: Հայաստանյան իշխանություններն ունեն քաղաքական կամք, որ տրամադրեն գումար ու չմիջամտեն խմբագրական քաղաքականությանը հարցին ի պատասխան Մելիքյանը նկատեց, որ ՀՀ-ում նման փորձ չի եղել ու գնահատելը դժվար է:

Ընտրություններին ընդառաջ ստեղծվող հանրօգուտ մեդիամիջավայր հիմնադրամը պետք է պետական միջոցներից դրամաշնորհներ տրամադրի հանրօգուտ բովանդակություն ստեղծող հեռուստաընկերություններին: կառավարության որոշման այն կետում, որտեղ խմբագրական քաղաքականությանը չմիջամտելու մասին է նշված, նաև գրված է՝ ստեղծվող կառույցը կողմերի միջև կամուրջ պետք է լինի, որի շնորհիվ «պետությունը կհանրայնացնի կարևոր ուղերձները»:

«Ազատությունը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից: Հակոբյանը նշեց, որ չի անդրադառնա իրեն ուղղված մեղադրանքներին, կխոսի, երբ հարմար կգտնի: