Արցախի պատգամավորները խորհրդավոր զգուշավորություն են պահպանում առավոտից: Հայտնի է, որ այսօր լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի նախագահության ժամկետը: Հայտնի է նաև, որ խորհրդարանականները Արցախի հայաթափումից հետո պետական ինստիտուտների պահպանումն անհրաժեշտ են համարում, ուրեմն նախագահի ընտրություն է առջևում: Թեկնածուներ կա՞ն, Արցախի խորհրդարանի ամենամեծ «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության ղեկավարի հարցրինք:
«Հարցազրույցներ չեմ տրամադրում», - պատասխանեց նա:
Նույն խմբակցության քարտուղար Էլեոնորա Ավանեսյանն էլ հորդորեց սպասել. - «Այսօր օրվա վերջ դուք էլ տեղյակ կլինեք ամեն ինչի մասին»:
«Միասնական հայրենիք» մեծությամբ երկրորդ խմբակցությունից՝ պատգամավոր Մարսել Պետրոսյանն ասաց՝ թեկնածուի հարց չեն քննարկվել:
«Ոչ, քննարկում չենք արել, մեզ էլ որևէ թեկնածուի առաջարկ չի արվել», - լսեցինք «Արդարություն խմբակցության» ղեկավար Դավիթ Գալստյանից:
Ըստ Սահմանադրությունում կատարված փոփոխության, որ պատգամավորներն իրականացրին Արցախի հայաթափումից հետո՝ Երևանում, նախագահ կարող է ընտրվել 2/3-ով, այսինքն 22 պատգամավորի կողմ ձայներով: Մինչև այժմ հնարավոր թեկնածուների մասին քննարկումներ կային: Սամվել Բաբայանի անունն էր հնչում, բայց նրա գրասենյակը հայտարարեց՝ այդպիսի հավակնություններ չունի Բաբայանը: «Ազատության» տեղեկությամբ այսօր արցախի խորհրդարանականները ուշ երեկոյան նիստի կհավաքվեն, օրակարգում խորհրդարանի նոր նախագահ ընտրելն է, հաշվի առնելով հանգամանքը, որ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարված է, Բաքվի բանտում է: Ապա Արցախի նախագահի ընտրական գործընթացին կանցնեն:
«Ազատության» աղբյուրները հայտնում են՝ Սամվել Շահրամանյանն է փոխզիջումային թեկնածուն: Մեկ խորհրդարանական կա՝ անկախ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը, որ օրվա առաջին կեսի դրությամբ այլ թեկնածուի էր փնտրում:
«Սամվել Շահրամանյանը չպիտի վերարտադրվի, որովհետև կարծում եմ, որ դերակատարի փոփոխություն պետք է լինի, և այդ մարդը ավելի ակտիվ արցախցիների շահերը պետք է պաշտպանի: Ես թեկնածու ունեցել եմ, մի մարդու հետ խոսել եմ, չի համաձայնել, դրա համար իր անունը չեմ ուզում տալ, երկրորդ մարդու հետ բանակցությունների մեջ եմ, դեռևս չեմ ուզում ինչ-որ մի բան ասել», - ասաց Աղաբեկյանը:
Արցախի խորհրդարանականների լռակյացությունից ու այս պահի դրությամբ այլ թեկնածուների բացակայությունից ենթադրվում է՝ ցանկանում են անաղմուկ ու առանց կտրուկ շարժերի՝ պարզապես երկարաձգել Շահրամանյանի պաշտոնավարումը: Որ հայաթափված ու լուծարված Արցախը շարունակում է նախագահ ու պատգամավորներ ունենալ, Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով անընդունելի են համարել:
Իրավական առումով Արցախ գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հարցով հայաստանի կառավարությունն է զբաղվում գերազանց կերպով, ասում էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Արցախի խորհրդարանականները վստահ են՝ պետական ինստիտուտները պետք է պահպանվեն, որպեսզի տեղահանվածների վերադարձի ու գույքային իրավունքների հարցերով զբաղվեն:
Պատգամավոր Մարսել Պետրոսյանը հիշեցնում է Ադրբեջանը տասնամյակներով է պահպանել կորցրած բնակավայրերի վարչական հաստիքները, աշխատավարձ տվել այդ նախկին պաշտոնյաներին: Արցախի վտարանդի խորհրդարանը, նախագահը աշխատավարձ, բնականաբար, չեն ստանում: Արցախի բյուջեն 2023 թվականի հոկտեմբերից զրո է: