Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարները

Իրանի վրա Իսրայելի լայնամասշտաբ հարձակումից ու Իրանի պատասխանից հետո Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ: Արարատ Միրզոյանը X-ում հայտնել է, որ Աբբաս Արաղչիի հետ քննարկել է վերջին զարգացումները, տեսակետներ են փոխանել ներկա իրավիճակի շուրջ:

«Զրուցակիցները քննարկել են վերջին զարգացումները։ Հայաստանի կողմից արտահայտված դիրքորոշմանը համապատասխան՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները կշարունակեն ակտիվ կապ պահպանել, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության շրջանակներում քննարկումների առնչությամբ»,- հայտնում է արտգործնախարարությունը:

Երեկ պաշտոնական Երևանը դատապարտել էր Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»: