ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանի առանձնատանը խուզարկություն են կատարում

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են կատարում ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատանը, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Գործարարի տնից քիչ առաջ դուրս եկավ նրա եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք եղբայրը՝ Սամվել Կարապետյանը ձերբակալվա՞ծ է, նա ասաց. - «Տանն է, որտե՞ղ է, չեն հասցրել ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն, սպասում եմ»:

Տեղում հավաքված մարդկանց նա խնդրեց բացել ճանապարհը, որովհետև «Ազգային անվտանգության ծառայությունից պետք է գան»:

Կարեն Կարապետյանի փոխանցմամբ՝ իրեն հայտնել են, որ 45 ձերբակալված կա: Թե ովքեր են հայտնել այդ տեղեկությունը, Կարապետյանը չհստակեցրեց:

Ոստիկանությունից ավելի վաղ «Ազատությանը» տեղեկացրել են՝ մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ։ Այլ մանրամասներ չեն հայտնում:

«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունն էլ տարածել է Սամվել Կարապետյանի հայտարարությունը. - «Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»:

Մամուլում արդեն լուրեր կան, որ Սամվել Կարապետյանին ձերբակալել են:

Արձագանքելով Սամվել Կարապետյանի հնարավոր ձերբակալման մասին լուրերին՝ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյաը նշել է. - «Որևէ մարդ ուղղակի տեղը չի ձերբակալվում»:

Ժամեր առաջ Սամվել Կարապետյանը պաշտպանել էր Հայ առաքելական եկեղեցուն: News.am-ի հետ զրույցում ասել էր. - «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:

Մեկ ժամ անց վարչապետ Փաշինյանը կոշտ արձագանքեց այս հայտարարությանը. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»:

«Յուրաքանչյուր մարդ, ով ինչ-որ օտար երկրներից գալիս է Հայաստան ու փորձում է սպառնալ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին, այդ մարդու օդերը փակելու ենք, թող սա իմանան», - խորհրդարանում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով գործարար Սամվել Կարապետյանին:

«Թե չէ մենք՝ որպես իշխանություն, ինստիտուցիոնալ ձևով զբաղվելու ենք քո հարցերով: Սա է մեր նախազգուշացումը՝ ի պատասխան այդ անձնավորության անիմաստ հայտարարությունների», - նշել է Արթուր Հովհաննիսյանը:


Տե՛ս նաև այստեղ