Հայաստանի արտգործնախարարն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին, հայտնում է Հայաստանի արտաքին գերատեսչությունը:
«Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից Հայաստանի տարածքով տարհանման հնարավորությանն ու արձանագրված ցուցանիշներին»,- նշված է հաղորդագրությունում:
Միրզոյանն ու Կալասը նաև անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին:
«Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը՝ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող շփումների օրակարգի շուրջ», - հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ չմանրամասնելով, թե ինչ շփումներ են ծրագրվում:
Երեկ էլ եվրոպացի պաշտոնյան հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ՝ բարձր գնահատելով Ադրբեջանի դերն Իրանից օտարերկրյա քաղաքացիների տարհանման գործում:
Դեռ մարտին հայտարարվել էր, որ Եվրամիության բարձր ներկայացուցիչը Հայաստան է այցելելու, սակայն այն մինչ օրս չի կայացել: