ՀՖՖ vs «Շիրակ». ո՞վ պետք է նորոգի Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան

Գյումրի ֆուտբոլի ակադեմիայի տարածքը իսկական կռվախնձոր է դարձել տեղի «Շիրակ» ակումբի ու Ֆուտբոլի ֆեդերացիայի միջև՝ ավելի սրելով երկու կառույցների առանց այն էլ լարված հարաբերությունները: Արդյունքում տուժում են ակադեմիա հաճախող շուրջ 700 երեխաները: Պատանի ֆուտբոլիստները տևական ժամանակ է մարզվում են անբարեկարգ մարզադաշտում:

Բայց խնդիրը միայն մարզադաշտերը չեն, որոնցից մեկի արհեստական խոտածածկն այնքան է քայքայվել, որ փոսեր են գոյացել: Ակադեմիայի շենքի արտաքին պատերին խոշոր ճաքեր են հայտնվել, իսկ ներսը անձրևաջրերն են քայքայում:

Ո՞վ է նորոգելու շենքն ու փոխարինելու խոտածածկը: Հենց այստեղ է, որ ֆեդերացիայի ու ակումբի ջրերը մի առվով չեն հոսում: «Շիրակը» ֆեդերացիային առաջարկել է տարածքը սեփականության իրավունքով փոխանցել իրեն, որ ներդրումներ անի, բայց պնդում են՝ ֆեդերացիան այդ քայլին չի գնում: «Շիրակ» ակումբի լրատվության բաժնի համակարգող Հաբեթ Հարությունյանն ասում է՝ տևական ժամանակ է նամակներ են ուղարկում, բայց պատասխան չեն ստանում ֆեդերացիայից:

Ի՞նչ է որոշել ֆուտբոլի ֆեդերացան՝ ակադեմիան ետ կվերցնի, թե սեփականության իրավունքով կհանձնի «Շիրակին» ակումբին: «Ազատության» գրավոր հարցերին ֆեդերացիայից հստակ պատասխան չեն տվել, նշել են միայն, թե Գյումրիի ակադեմիայում ընթանում են գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ: Ի՞նչ է սա նշանակում, պարզ չէ, նաև հավելել են. - «Հայտնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից բազմիցս առաջարկվել է ներկայացնել իրենց կողմից իրականացվող հնարավոր ներդրումների չափը և ժամանակահատվածը, սակայն այդպես էլ որևէ պատասխան չի ստացվել»։

Այս պատասխանը «Շիրակ» ակումբում «դասական մանիպուլյացիա» են որակում, շեշտում՝ պատրաստ են եղել ներդրումներ անել, եթե սեփականության իրավունքը ՀՖՖ-ն փոխանցեր ակումբին. - «ՀՖՖ-ն մշտապես մերժել է բազմիցս արված մեր ակումբի այս առաջարկը: Ասում էին՝ սեփականության մասին մոռացեք, բայց ներդրումներն արեք: Նրանց պատասխանն անընդունելի էր, անհականալի ու անարդար»:

Ֆեդերացիայի ու «Շիրակ» ակումբի հարաբերությունները տևական ժամանակ է լարված են, ակումբի նախագահ Արման Սահակյանը պահանջում է ֆեդերացիայի նախագահի հրաժարականը:

Մանրամասները «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

ՀՖՖ vs «Շիրակ» ակումբ. ո՞վ պետք է նորոգի Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան