Բագրատ սրբազանի կեցավայրում վաղ առավոտից սկսած և ժամեր տևած խուզարկությունից հետո Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ձերբակալեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդին: Ավելի ուշ նրան մեղադրանք ներկայացվեց 2 հոդվածներով՝ ահաբեկչություն և իշխանության յուրացում:
ԱԱԾ աշխատակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին նստեցրին «Տոյոտա» մակնիշի քաղաքացիական մեքենա և բերման ենթարկեցին Քննչական կոմիտե: Մինչև մեքենա նստելը շարժման առաջնորդը իշխանությանը զգուշացրեց՝ քիչ ժամանակ է մնացել:
«Չարիք, լավ լսի, ինչ էլ, որ սարքելու լինես, ինչ էլ, որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել: Դիմացի՝ կգանք», - հայտարարեց նա:
Մինչև Բագրատ սրբազանին ձերբակալելը, Քննչական կոմիտեն այսօր վաղ առավոտյան հայտարարություն տարածեց, պնդելով, թե՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ն հաղորդում է «Սրբազան պայքարի» կողմից «ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների» բացահայտման մասինՀայտարարության մեջ նաև նշվում է, որ Բագրատ Գալստանյանը նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է իշխանությունն ստանձնելու գործընթացն իրագործել Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով: Իրավապահների պնդմամբ՝ այդ նպատակի իրականացման համար «Գաստանյանը շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ»:
Այս հայտարարությունից հետո արդեն Քննչական կոմիտեն տարածեց մի շարք ձայնագրություններ՝ դրանք վերագրելով Բագրատ սրբազանին: Այդ ձայնագրություններում խոսվում է հնարավոր սպանությունների, մեքենաներով ճանապարհներ փակելու, հոսանքն ու ինտերնետն անջատելու պլանների մասին:
Այս ձայնագրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հատիկ առ հատիկ տարածել է ֆեյսբուքյան իր էջում: Ընդորում, դրանց բովանդակությունը մեկնաբանելով Փաշինյանը հիշատակում է Վեհափառի և կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի անունները:
Գալստանյանի փաստաբանը պնդում է՝ որևէ իրեղեն ապացույց չի հայտնաբերվել
Ձերբակալված Բագրատ սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանն, ով ժամեր շարունակ ներկա էր «Սրբազան պայքար» շարժման առաջնորդի կեցավայրում տեղի ունեցած խուզարկություններին, պնդում է՝ որևէ իրեղեն ապացույց չի հայտնաբերվել, որը կհիմնավորեր իրավապահների կողմից ներկայացված մեղադրանքները:
«Միակ ահաբեկչության հետ կապված, ահաբեկող նյութը, որ կարող է սրբազանի տանը հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է», - ասաց փաստաբանը:
Լրագրողների ներկայությամբ իրավապահները Բագրատ սրբազանի կեցավայրից դուրս էին բերում տարբեր փակ արկղեր ու պարկեր, որոնց պարունակությունը չէր երևում: Տեսանելի էին միայն գունավոր ծուխ արձակող սարքերի մի քանի տուփեր:
«Այն ծխերից էին, որ յուրաքանչյուր քաղաքական ակցիայի ժամանակ լինում է, մանուշակագույն, որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը 2018 թվականին Ազգային ժողովում ինչպես էր ծխում», - նշեց Սերգեյ Հարությունյանը:
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդի կեցավայրից առգրավվեց նաև եռանկյունաձև մեկ ճանապարհային նշան, որը նույնպես իրավապահները խնամքով տեղավորեցին բեռնախցիկում: Առգրավված իրերի մեջ էին նաև մի քանի տնտեսական ձողեր, որոնք փաստաբանի խոսքով՝ քաջ ծանոթ են տնային տնտեսուհիների և կիրառվում են տան մաքրության համար:
«Կենցաղային գետնի շորի ձողն է, որ յուրաքանչյուրի տանը կա, բայց իրենք համարեցին ձող: Բոլորի հեռախոսները, կրիչները [առգրավել են]», - ընդգծեց փաստաբանը:
Բագրատ սրբազանի հետ միասին այսօր ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները նույն վայրում ձերբակալեցին ևս մեկ հոգևորականի՝ Հրայր սարկավագին, և Բագրատ Գալստանյանի աջակիցներից մեկին՝ Մովսեսին:
ՔԿ-ն հրապարակեց հայտնաբերված զենք -զինամթերքի լուսանկարներ
Քննչական կոմիտեն ավելի ուշ հրապարակեց շուրջ 9 տասնյակ խուզարկությունների հետևանքով հայտնաբերված զենք - զինամթերքի լուսանկարներ:
«Սրբազան պայքար» շարժման անդամները, սակայն, պնդում են՝ դրանք օրինական են և այդ մասին են վկայում Քննչական կոմիտեի հրապարակած լուսնակարներում երևացող վկայակնները: «Սրբազան պայքարի» անդամ, դաշնակցական պտագամավոր Գառնիկ Դանիելյանն էլ այսօր նշում էր՝ ինքն էլ օրինական զենք ունի և դա ոչինչ չի նշանակում:
«Կան օրենքի շրջանակներում զենքեր, որոնք մեզ են պատկանում, օրենքով է նախատեսված դա», - ասաց Դանիելյանը:
Քննչական կոմիտեն հրապարակել է անուն-ազգանունների ցուցակ՝ պաշտոններով
Քննչական կոմիտեն իրեղեն ապացույցների շարքում նաև մի փաստաթուղթ է հրապարակել, որում հանրությանը ծանոթ անձանց անուն-ազգանուններ են՝ իրենց պաշտոններով: Դրանցից մեկը Ռուբ. Մելիքյան անունն է, որի տակ նշված է՝ Արդարադատության նախարար:
Մենք զանգահարեցինք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, նա տեղյակ էլ չէր, որ նման փաստաթուղթ է հրապարակվել: Ամեն դեպքում, ակտիվ իրավապաշտպան գործունեություն իրականացնող և ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շահերը պաշտպանող Մելքիյանը պնդեց՝ իրեն ճանաչողները գիտեն, որ ինքը որևէ պաշտոնի ձգտում չունի, և երբ նույնիսկ իր հետ նման խոսակցություն փորձում են ծավալել, դադարեցնում է այդ քննարկումները՝ դրանք անընդունելի համարելով:
«Ազատության» հարցին՝ ունի՞ մտավախություն, որ գուցե ինքն էլ բերման ենթարկվի կամ ձերբակալվի, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. - «Ես ցանկացած ռեպրեսիայի պատրաստ եմ, համարում եմ, որ այս իշխանությունների կողմից հետապնդվելը մեծ երանություն է թե՛ որպես հայ, թե՛ որպես քրիստոնյան, թե՛ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»
Ի դեպ, Քննչական կոմիտեն որպես իրեղեն ապացույց տարածել է նաև այսպես կոչված «Հեղաշրջման պլանի» լուսանկարը: Եվ եթե իշխանական լրատվամիջոց «Սիվիկ»-ը այդ նույն փաստաթուղթը երեկ առաջինը հրապարակելով փակել էր այդ պլանի ժամկետը, ապա այսօր Քննչական կոմիտեն այն բաց ներկայացրել է: Գործողության ժամկետ է նշված 2024 թվականի հուլիսի 23 -ից մինչև օգոստոսի 30 -ը: Այսինքն «Հեղաշրջման պլանը», ըստ Քննչականի հրապարակած լուսանկարի, նախատեսված էր անցած տարվա համար: