Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազան Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է», հայտարարել է Գլխավոր դատախազությունը:
Ըստ իրավապահների՝ ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ընթացքում նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում հնչեցրած՝ «հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը, ուժային կառույցների կողմից ՀՀ–ում իշխանությունը փոխելը ներկայացրել որպես անհրաժեշտություն»:
Ընդ որում, դատախազությունը նշել է, որ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը կայացվել է 2025 թվականի հունիսի 26-ին: Մինչդեռ երկու օր առաջ հայտարարել էին, որ վարույթը նախաձեռնվել է 2025-ի հունիսի 17-ին: Թե ինչու է վարույթը նախաձեռնվել ավելի քան 10 օր առաջ, իսկ քրեական հետապնդում հարուցելու որոշումը՝ հունիսի 26-ին, պարզ չէ:
Դատավորի որոշմամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր կալանավորվել է երկու ամսով, սահմանափակվել են նրա շփումները:
Դատախազությունը պնդում է, որ արքեպիսկոպոսի վերոնշյալ հայտարարությունները «նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում»:
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա 14 աջակիցներ կալանավորվել էին ավելի վաղ՝ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հոդվածներով: Նրանք, ինչպես և Միքայել սրբազանը մեղքը չեն ընդունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միքայել արքեպիսկոպոսը երկու ամսով կալանավորվեց ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ արքեպիսկոպոսն ու նրա 14 համախոհները՝ ճաղերից այն կողմ