Դատարանը բավարարել է քաղաքապետի հոր դեմ հայցը. Արմեն Ավինյանը պետք է 250 հազար դրամ վճարի ավագանու ընդդիմադիր անդամին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, արխիվ

Երևանի քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր:

Դատարանը պարտավորեցրել է քաղաքապետի հորը 250 000 դրամ վճարել՝ որպես հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։

Հայցի հիմքում քաղաքապետի հոր հայտնի արտահայտությունն էր: Ավագ Ավինյանը դեկտեմբերին ավտոմեքենաների կայանման «կարմիր գծերի» թանկացման մասին լրագրողի հարցին ի պատասխան «համբալ» էր անվանել «Օպել»-ի վարորդներին։ Տեսանյութի տարածումից ժամեր անց քաղաքապետ Ավինյանը ներողություն էր խնդրել հոր խոսքերի համար՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել։

Ավագանու ընդդիմադիր անդամը որպես «Օպել»-ի վարորդ էր հայցը ներկայացրել՝ պահանջելով 500 հազար դրամ՝ ճիշտ այնքան, որքան ավագ Ավինյանի կարծիքով՝ պետք է լիներ կայանման վճարը:

«Դատարանը գտնում է, որ պատասխանողի կողմից հրապարակային կերպով կատարված «Պտի 500.000 դրամ սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե, ամեն իրա գեղի «Օպելով» արտահայտությունը ողջամտորեն կարող էր ընկալվել որպես վիրավորական», - նշված է Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված վճռում:

Արմեն Ավինյանը վճիռը կարող է բողոքարկել մեկ ամսում: