Մայրը ութ ամսական փոքրիկի հետ բանտում է. նրա կալանքը քննադատության մեծ ալիք է բարձրացրել

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը իր պաշտպանյալի երեխայի հետ դատարանի բակում, 11-ը հուլիսի, 2025թ.

3 անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայրը դատարանի որոշումից հետո նիստերի դահլիճից երեկ տեղափոխվեց Աբովյան քրեակատարողական հիմնարկ. երիտասարդ կինը ժամերի բաժանումից հետո 8 ամսական դստեր հետ բանտ ուղևորվեց։

Դատավոր Արշակ Մաթևոսյանը որոշմամբ՝ Լիանա Հարությունյանը, որը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների ապօրինի միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար, մանկահասակ երեխայի հետ կալանավայրում պետք է անցկացնի երեք ամիս։

«Ընդամենը մեկ անգամ բացակայել է դատական նիստից, իսկ երկրորդ անգամ, որ գնացել են իրեն բերման ենթարկելու, ինքը ընդհանրապես ծանուցում չի ստացել»,- պատմեց կնոջ պաշտպանությունը ստանձնած փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Ինչո՞ւ է դատարանը գնացել նման ծայրահեղ քայլի, երբ այլ`ավելի մեղմ խափանման միջոցներ կան, Փոստանջյանն պնդում է՝ դատավորը հաշվի չառնելով անրափահաս երեխծաների հանգամանքը, դիտավորյալ է նման քայլի գնացել՝ չունենալով դրա համար որևէ հիմք։ Փաստաբանի խոսքով՝ կալանավորման հիմքը նիստերից մեկից Հարությունյանի բացակայությունն է։ Պաշտպանը բացատրում է՝ այդ բացակայության պատճառը հանրային պաշտպանից Հարությունյանի դժգոհությունն է եղել, ցանկացել է նրան փոխարինել։

Այդ բացակայությունից հետո դատարանը սկզբում բացակայության արգելք խափանման միջոցը փոխել է տնային կալանքով, հետո էլ՝ կալանքով։

«Հասկանալով, որ տնային կալանքի որոշումը հնարավոր չէ կյանքի կոչել, որովհետև այն բնակարանը, որ նա վարձակալում է, իրեն չի պատկանում, գնացել է ամենածայրահեղ միջոցին՝ այն էլ մեկ կամ երկու ամիս չէ, միանգամից երեք ամսով»:

Հիմա Լիանա Հարությունյանի մյուս՝ անչափահաս երեկու երեխաները մնացել են տատիկի խնամքին։ Երիտասրադ կինը շարունակում է պնդել՝ ինքն անմեղ է։ Փոստանջյանի խոսքով՝ պաշտպանյալը Հնդկաստանի քաղաքացիներին օգնել է Հայաստանում կացության կարգավիճակ ստանալիս թարգմանությունների հարցում, ոչ ավելին։ Փաստաբանը Հարությունյանի դեմ մեղադրանքը շինծու է համարում։ Երիտասարդ կինը 10 ամսից ավելի վկայի կարգավիճակ է ունեցել։

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր անդրադարձել Լիանա Հարությունյանի կալանավորման աղմկահարույց դեմքին, սակայն Անահիտ Մանասյանը շեշտել է, թե Սահմանադրական օրենքով՝ իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը:

«Այնուամենայնիվ, քաղաքացու և երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են, Պաշտպանի հանձնարարությամբ արդեն իսկ ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան քայլեր անձանց իրավունքների երաշխավորման, այդ թվում` երեխայի խնամքի տրամադրման հարցի առնչությամբ», - հայտարարել է ՄԻՊ-ը:

Անահիտ Մանասյանը քննադատել է, որ պաշտպան Փոստանջյանը համացանցում տարածել է մանկահասակ երեխայի կադրերը, շեշտել՝ նման զգայուն իրավիճակներում այդպիսի գործողությունների հետևանքով երեխաները հաճախ թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որը ևս կալանքի որոշումը ծայրահեղ քայլ է համարում, հայտարարում է՝ Մարդու իրավունքների պաշտպանի շեշտադրումն այդ համատեքստում այլ պետք է լիներ։

«Իհարկե, Հայաստանում մեդիա տարածքում մշտապես առկա է երեխաների իրավունքների խախտումների երևույթը: Դա նկատվել է թե վարչապետի՝ «Սոս» մանկական գյուղ այցի ընթացքում՝ երեխաներին բաց դեմքով ցուցադրելը, թե վարչապետի կնոջ՝ Կենդանաբանական այգի այցի ժամանակ՝ խոցելի խմբերի երեխաներին դարձյալ բաց դեմքով ցուցադրելը... բայց այս դեպքում սա ածանցյալ խնդիր է, այստեղ առաջնայինը կալանավորումն է», - ասաց Հովհաննիսյանը:

Փոստանջյանն ասում է՝ երեխան դեպքերի բերում էր իր մոտ հայտնվել և ինքը միտում չի ունեցել նրան թիրախավորելու։ Փաստաբանը ևս շեշտում է՝ օմբուդսմենը այդ հարցի փոխարեն այլ հարցի վրա պետք է ուշադրություն դարձներ. - «Ինչո՞ւ ժամը երկուսից, երբ Լիանան արդեն կալանքի տակ էր, նրա մանկահասակ երեխային թույլ չեն տվել միանալ իր մորը: Եվ ինչո՞ւ էր երեխան իմ ձեռքում, և ես ստիպված դիմեցի հանրությանը, այդ թվում՝ իրեն՝ Մարդու իրավունքների պաշտպանին: Սա է երեխաների իրավունքների կոպիտ խախտումը, ոչ թե այն, որ հանրությունը երեխային տեսել է»:

Փաստաբանը փոխանցեց, որ երկուշաբթի կալանքի որոշումը կբողոքարկի: Ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ պատրաստ են մանկահասակ երեխաների մոր համար երաշխավորություն տալ: