«Ես ընտրել եմ չենթարկվելու ճանապարհը»,- միջազգային հեղինակավոր մրցանակների՝ Ոսկե Արջի, Ոսկե Արմավենու, Ոսկե Առյուծի դափնեկիր, կյանքի 14 տարիները անազատության մեջ անցկացրած իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին այս տարի նորից Երևանում, նորից Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակում հայտարարեց՝ ազնիվ կինոյից առավել բան չկա։
«Եթե ինձ թույլ չեն տալիս նկարել իմ ուզած ֆիլմը, իմ միտքն այն է՝ ի՞նչ միջոցներ գտնել դա ամեն գնով անելու համար. ինչպե՞ս չենթարկվել, ինչպե՞ս շրջանցել այդ սահմանափակումները։ Միևնույն է դիմադրողականությունը հաղթելու է, գտնելու եմ։ Ես չեմ ենթարկվելու, նկարելու եմ այն, ինչ ուզում եմ, ոչ թե՝ ինչ ինձ պարտադրում են», - նշեց ռեժիսորը։
14 տարվա բանտային ու տնային կալանքից, երկիրը չլքելու արգելքից հետո առաջին անգամ անցած տարի էր Փանահին սահմանը հատել ու եկել Երևան։ Անցած տարի երկրպագուների հետ մտերմիկ հանդիպման ընթացքում խոստովանել էր՝ չնայած տասնյակ տարիների ճնշմանն ու հետապնդմանը՝ հայրենիքից դուրս կյանքը չի պատկերացնում, թեև հասկանում է բոլոր նրանց, ովքեր չեն դիմանում ու լքում են երկիրը։ Մեկ տարի անցել էլ հիշեց ընկերիներին, որոնք ընտրել են կամավոր աքսորի ճանապարհը, մի մասն էլ ստիպված խաչ է քաշել կինոյի վրա։
«Ես այդքան քաջ չեմ, որ մտածեմ, թե կարող եմ գոյատևել իմ երկրից դուրս», - ասել էր Փանահին դեռ մեկ տարի առաջ։
Այսօր չկրկնվեց, իր արվեստը գնահատողներին ընդամենը պատմեց՝ ինչ հնարքների է դիմում բարդությունները շրջանցելու համար։ Ի դեպ, ամենևին պատահական չէ, որ իրանցի ռեժիսորի ֆիլմերի մի զգալի մասը շարժվող մեքենաներում է. - «Մեքենանում է ապահով է, շատ ուշադրություն չես գրավում, թաքնվում ու նկարում ես»։
Այս տարվա Կաննի փառատոնի մրցանակին արժանացած Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմի գործողությունների մեծ մասը ևս անցնում է մի հնամաշ մեքենայում։ Մի վթար ու բախվում ես անցյալի դժբախտություններին։ Բանտում անցկացրած արհավիրքը, որ մեխվել է հիշողությանդ մեջ ու չի թողնում առաջ գնաս, գուցե հենց հիմա՞ ձեռքերիդ ու մտքումդ պատկերացրած սցենարներին ազատություն տա։ Ոճրագործը հիմա դու կարող ես դառնալ։
«Լավ, ինչպե՞ս վարվել հիմա։ Եթե հասարակարգերը փոխվեն, ի՞նչ կպատահի։ Դաժանությունը, վրեժխնդրությունը գլո՞ւխ կբարձրացնի։ Գուցե իմ ֆիլմն ապագայի մասին է։ Ես երազում եմ, որ իմ երկրում դաժանությունը չդառնա հարցեր լուծելու լեզու։ Ես երազում եմ, որ իմ երկրում փոփոխություններն առանց վրեժխնդրության հաղթահարվեն։ Բարությունը հաղթի», - ընդգծեց նա։
Առայժմ, սակայն, միայն ուրախություն կարող է պատճառել ֆիլմի հաղթանակը Կաննի հեղինակավոր կինոփառատոնում։ Օսկարներն ու Ոսկե արմավները էմոցիաների մասին են», - ասում էր Փանահին՝ ոգևորում են ժողովրդին, իրանցի արվեստագտեներին էլ հույս են տալսի, որ հնարավոր է անգամ սահմանափակ հնարավորություններով ձայնդ հասցնես աշխարհին։ Հիշեց՝ ինչպես էր Իրանը ցնծում, երբ առաջին անգամ Քերոստամին Ոսկե արմավենի, իսկ Ֆարհադին՝ Օսկար շահեց, տոն էր երկրում։
Այս տարի՝ Ոսկե Արմավենու միջոցառման վերջին գիշերն անքուն մնացի։ Երբ հայտնում էին մրցանակները, մի հեռու հույս կար մեջս, ու որ անունս լսեցի, թեթևության մի այնպիսի զգացում ապրեցի... պատկերացրեցի բանտարկյալներին, իմ ընկերներին.... ինչպիսի՜ ոգևորություն կապրեն այս լուրով։ բավարարության զգացում... այդ պահին հենց դա էր», - ասաց ռեժիսորը։
Բայցևայնպես մի նուրբ ակնարկ էլ իշխանություններին ուղղեց. - «Հանուն ճշմարտության ասեմ՝ այս ֆիլմը ես չեմ նկարել, այս ֆիլմը Իրանի Իսլամական Հանրապետությունն է նկարել։ Եթե պետությունն արվեստագետին բանտ է նետում, ուրեմն պիտի հասկանա՝ բանտախցում ապրած արվեստագետն անտարբեր մնալ չի կարող։ Այս ֆիլմը ես չեմ նկարել, պատասխանատուն՝ ինձ բանտ ուղարկողն է»։
Նոր ֆիլմի մասին դեռ կլռի, իսկ Երևանի փոքր ու լեփլեցուն դահլիճում նախընտրեց երազանքներից խոսել.... «երանի Իրանում էլ մի այսպիսի սրահում, մի այսպիսի հնարավորություն լիներ բաց խոսել հայրենակիցների հետ»։
«Ցավոք, իմ ֆիլմերը իմ երկրի բաց կինոթատրոններում չեն ցուցադրվել, բացառությամբ՝ «Սպիտակ գնդի», որն էլ շատ վատ ձևով է ներկայացվել։ Ես անգամ պատկերացում չունեմ՝ ինչպես է վերաբերում իրանցի հասարակությունը իմ ֆիլմերին»։