Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի երես տեսնեն.Ալիև

Հայաստանի վարչապետի հետ վերջին՝ շուրջ հինգ ժամ շարունակված հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը առաջին անգամ մեկնաբանել է՝ ուր են հասել երկկողմ հարաբերությունները, և որոնք են Բաքվի ներկայիս պահանջները։

Ղարաբաղի ամբողջական հայաթափումից շուրջ երկու տարի անց, Ստեփանակերտում հյուրընկալելով տասնյակ երկրների լրագրողների ու փորձագետների, Իլհամ Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» ու Խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին։

«Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի հանդիպեն»

Պատասխանելով հարցին՝ ինչպես է Բաքուն արձագանքում վերջին հաղորդումներին, որոնց համաձայն Ամերիկան Հայաստանին առաջարկել է վարձակալել «Զանգեզուրի միջանցքը», Ալիևն ասել է՝ այդ հարցը Հայաստանի իշխանությունը պետք է որոշի։ «Ինչ վերաբերում է մեզ՝ մեր տարածքում ո'չ արտաքին օպերատոր է լինելու, ո'չ էլ վարձակալություն»,-ընդգծել է նա՝ ակնհայտ դարձնելով, որ մտադիր չէ առաջ գնալ փոխադարձության սկզբունքով։

Կրկին պնդելով, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ ու անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից՝ Ադրբեջան», Ալիևը մանրամասնել է, թե ինչ է հասկանում դրա տակ։ «Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի դեմքը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռները ազատորեն անցնեն»,- թվարկել է նա, հավելելով՝ այս պահանջը կրկնել է նաև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ։

«Ինչ հեռանկարներ է բացում «Զանգեզուրի միջանցքը» թյուրքական աշխարհի համար», հետաքրքրվել է Ուզբեկստանից ժամանած լրագրողը, փաստելով՝ «մինչ այժմ մենք կամուրջ չունեինք, հիմա՝ կմիավորվենք»։

Ի պատասխան Ալիևը պնդել է, թե «այդ զարկերակը շատ երկրներ իրար կկապի», հատկապես «աշխարհքաղաքական վերջին փոփոխությունների պարագայում, երբ տարանցիկ մյուս ճանապարհները դառնում են առավել խնդրահարույց»։

«Մեր գնահատմամբ, Զանգեզուրի միջանցքը սկզբնական շրջանում 15մլն տոննա բեռ փոխադրելու ներուժ ունի։ Մենք գործնականում ավարտում ենք երկաթգծի շինարարությունը՝ մինչև Հայաստանի ու Իրանի հետ մեր սահմանակետ, և մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում, գուցե՝ հաջորդ տարվա գարնանը, այդ երկաթգծի ադրբեջանական հատվածը կառուցված կլինի»,-ասել է նա։

Պնդելով, թե հայկական կողմում անցած հինգ տարում ոչ միայն որևէ աշխատանք չի կատարվել այդ ուղղությամբ, այլև այդ հարցը միտումնավոր հանվել է օրակարգից, Ալիևը սպառնացել է՝ եթե հիմա էլ հայկական կողմը համաձայնության չգա, «Հայաստանը կկորցնի տարանցիկ երկիր դառնալու շանսերը»։

«Եթե նրանք ապագայում էլ արգելափակեն այս գործընթացը, կհայտնվեն ոչ միայն տրանսպորտային, այլև, որոշ առումով, քաղաքական մեկուսացման մեջ»,-ասել է նա։

Ի դեպ, Ալիևը պնդել է, թե խորհրդային տարիներին Հայաստանով անցնող երկաթգծի այդ՝ Ադրբեջանի մայր տարածքը Նախիջևանին կապող հատվածը «պատկանել է ադրբեջանցիներին և չի եղել հայկական երկաթուղու կառուցվածքում»։

Մանրամասներ՝ Աբու Դաբիի հանդիպումից

«Թեմաներից մեկը, որ քննարկել ենք, վերաբերում էր կողմերի միջև առկա խիստ ցածր վստահության մակարդակին, ինչը շատ հասկանալի է»,-հայտարարել է Ալիևն ու պնդել, թե դա ոչ թե Ադրբեջանի, այլ՝ Հայաստանի մեղքով է. «Հայաստանն է, որ հակամարտության ընթացքում փոխել է իր դիրքորոշումն ու համաձայնել Ղարաբաղի ներկայիս կարգավիճակին»։

«Իսկ որն է երաշխիքը, որ հայկական կողմում կրկին բան չի փոխվի»,- հարց է բարձրացրել նա ու մանրամասնել՝ նման երաշխիք կարող են լինել միջազգային նորմերը, փաստաթղթերը, որոնք «ինչպես ես ասացի Աբու Դաբիում՝երկաթբետոնով կփակեն անջատողականության դագաղի կափարիչը»։

«Դրա համար պետք է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, պետք է փոխել Սահմանադրությունն ու հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի հանդեպ»,-կրկնել է Ադրբեջանի նախագահը՝ անտեսելով վարչապետ Փաշինյանի շարունակական հավաստիացումները, թե Հայաստանի Մայր օրենքում հարևանների նկատմամբ տարածքային նկրտումներ չկան։

«Նախաստորագրումը ևս մեր գաղափարն է»

Ալիևը, որ 2020-ի պատերազմից հետո առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե Բաքուն է Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի նախաձեռնողն ու հիմնական սկզբունքների հեղինակը, հարկ է համարել շեշտել, այն նախաստորագրելու գաղափարը ևս Ադրբեջանն է առաջ քաշել։ Ընդ որում, խոսելով այս մասին, Ալիևը բաց տեքստով կշտամբել է հայկական կողմին՝ բանակցությունների դետալները գաղտնազերծելու համար։

«Մենք ուղղակի չէինք մեկնաբանում այն, ինչ եղել է Աբու Դաբիում։ Կարծեցինք՝ քանի որ համատեղ համաձայնեցրել ենք (հանդիպումից հետո տարածված) հայտարարության տեքստը, այն մեկնաբանելու կարիք այլևս չկա։ Բայց հայկական կողմը, ինչպես միշտ, իր մեկնաբանություններով փորձում է բացահայտել մանրամասները»,-ասել է Ալիևը։

Օրեր առաջ Հայաստանի վարչապետն էր հայտարարել, թե «Խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու գաղափար կա»՝ չհստակեցնելով, թե որ կողմի նախաձեռնությամբ է այն հայտնվել օրակարգում։

Թե' Փաշինյանը, թե' Ալիևը առայժմ չեն մանրամասնում՝ ինչ պայմաններով է փաստաթուղթը նախաստորագրվելու, և ինչ է պահանջվելու այն վերջնական ստորագրելու համար։ Ալիևը, սակայն, ընդգծել է, որ նախաստորագրումը չի նշանակում ստորագրություն։ «Մեկ բան է, երբ բանավոր ասում ես, որ համաձայնության ենք եկել, այլ բան՝ երբ ստորագրում ես ամեն մի էջի տակ»,-ասել է նա։

Գործընթացն անշրջելի է

«Մենք չենք պատրաստվում վերստին բանակցել Խաղաղության պայմանագիրը։ Բայց եթե Հայաստանը որոշի, որ ուզում է գնալ դրան, կստացվի, որ նրանք ուզում են տիրանալ մեզ պատկանող տարածքներին»,-հայտարարել է Ալիևը՝ ակնարկելով, որ բանակցված փաստաթղթից հրաժարվելը կնշանակի՝ Երևանը չի ուզում խաղաղություն։

«Վերջին մեկնաբանությունները, որ լսել ենք Երևանից՝ Աբու Դաբիի հանդիպումից հետո, դրական էին»,- ասել է նա՝ այդ շարքում դասելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե «պետք էր առավել վաղ ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։

«Նույն այդ Փաշինյանը 2019 թ-ի ամռանը այստեղ մեծ հանրահավաքում ասաց՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Ու դրանով ինքն իր ձեռքով իր դժվարին կյանքի տակ ստորագրեց»,-ծիծաղը չզսպելով հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը, ինչին ներկաները արձագանքել են ծափահարությամբ։

«Մենք հայերին ոչ մի վատություն չենք արել»

Հայաստանի ու Ադրբեջանի շահերը կարող են համընկնել, ողջ հարցն այն է, որ հայկական կողմն է մշտապես այդ հարցին այլ կերպ նայել, պնդել է Ալիևը, մանրամասնելով՝ «եթե չլիներ օկուպացիան, չլիներ ադրբեջանցիների տեղահանումը՝ վայրագություններով, փլուզումներով, ցեղասպանությամբ, իրավիճակը Հարավային Կովկասում բոլորովին այլ կլիներ։ Այն վաղուց արդեն ինտեգրված կլիներ թե տնտեսապես, թե քաղաքականապես, թե տրանսպորտային ու էներգետիկ առումով»։

Մեղքի սլաքն ուղղելով նորանկախ Հայաստանի առաջնորդների ուղղությամբ՝ Ալիևը հայտարարել է, թե նրանք «մեկը մյուսից առանձնապես չեն տարբերվել՝ ադրբեջանաֆոբիայի և Ադրբեջանի հանդեպ չհիմնավորված ագրեսիայի տեսանկյունից», այն դեպքում, երբ ադրբեջանցիները «բացարձակ որևէ վատ բան չեն արել հայերի նկատմամբ Խորհրդային միության տարիներին»։

Սումգայիթի, ապա Բաքվի ջարդերի մասին Ալիևը նախընտրել է լռել։

Ադրբեջանում ուրախ են, որ Թրամփը հաղթեց

Մոտ երեք ժամ շարունակված ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահը գովաբանել է նաև այս տարեսկզբին Սպիտակ տուն եկած նախագահ Թրամփին՝ պնդելով, թե Ադրբեջանում սպասում էին նրա հաղթանակին։

«Մենք շնորհակալ ենք Դոնալդ Թրամփին Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ցանկության համար: Չնայած նա զբաղված է առավել գլոբալ հարցերով՝ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակն է պահում իր տեսադաշտում»,-հայտարարել է Ալիևը, հավելելով, թե Թրամփը «միակն է ԱՄՆ նախագահներից, որ պատերազմ չի սկսել»։

«Թրամփի նախագահության կարճ ժամկետից երևում է, որ նա մեկն է, որ ավարտում է պատերազմները»,-ասել է Ալիևը՝ մաղթելով, որ «Թրամփը սկսած գործն ավարտին հասցնի»։

«Դոնալդ Թրամփի օրոք մենք տեսնում ենք ամուր համագործակցության մեծ ներուժ, և շատ դրական ուղերձներ ենք ստացել Վաշինգտոնից։ Հույս ունենք, որ տեսանելի ապագայում կարևոր հանգրվաններ կլինեն, որոնք կբարձրացնեն ԱՄՆ -Ադրբեջան հարաբերությունների մակարդակը»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ առանց հավելյալ մանրամասների։

Ալիևը պնդել է նաև, թե հայկական կողմը տևական ժամանակ մերժել է Խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերի շուրջ Բաքվի առաջարկները, ապա արագորեն դրանք ընդունել, երբ Վաշինգտոնում հաղթել է նախագահ Թրամփը։

«Ես հաստատապես համոզված եմ, որ եթե Դոնալդ Թրամփը չընտրվեր, նրանք չէին համաձայնելու. նրանք ուզում էին ստանալ ավելին,քան արժանի են, և ավելին, քան կարող են մարսել»,-ասել է Ալիևը։

«Երբեք մի հաշտվեք օկուպացիայի հետ»

Արձագանքելով ուկրաինացի լրագրողի դիտարկմանը, թե «ուկրաիացիները հիացմունքով են հետևում Ադրբեջանին, որը կարողացավ ազատագրել իր հողերը օկուպացիայից», Ալիևը կրկին պնդել է , թե ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներով շարունակված բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները «պաշտպանել են Հայաստանի դիրքորոշումը» և շարունակաբար հորդորել են Բաքվին «հաշտվել ստեղծված իրավիճակի հետ»։ «Երբ ես ասում էի՝ ոչ, դա ընկալվում էր որպես մարտահրավեր՝ ուղղված աշխարհի հզորներին, ընկալվում էր որպես ոչ ադեկվատ արձագանք և գլխավոր, հիմնական նարատիվն էր, թե ահա, նրանց (ադրբեջանցիներին) ինչ-որ բան է առաջարկվում՝ անջատողականների անկախությունը ճանաչելու դիմաց, իսկ նրանք չեն համաձայնում»։

«Այդ ժամանակ մենք որոշեցինք, որ ինքներս կստեղծենք նոր իրողություն, հետո դուք դրա հետ կհամակերպվեք»,-ասել է Ալիևը՝ խորհուրդ տալով Ուկրաինայի ներկայացուցչին «երբեք չհանձնվել ու երբեք չհաշտվել սեփական տարածքի օկուպացիայի հետ»։

«Պետք է պատասխանատվություն զգալ այն սերունդների առջև, որոնք ապրել են մինչև մեզ, և նրանց առջև, որ կապրեն մեզնից հետո»,-ասել է նա՝ հաջողության առանցքային գրավականներից մեկը համարելով հասարակության համախմբումը այդ նպատակի շուրջ։

Ի դեպ, միջազգային մեդիա ֆորումն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի երբեմնի ԱԺ-ի շենքում։ Խոսելով հանդուրժողականության ու խաղաղության մասին՝ Ադրբեջանի նախագահի միաժամանակ ասել է, թե Ղարաբաղը բռնի ուժով գրավելուց հետո՝ ստեփանակերտյան առաջին իսկ այցերից մեկի ժամանակ որոշել է «այդ սատանի որջը քանդել», Ղարաբաղի կառավարության շենքն էլ դարձնել «Հաղթանակի թանգարան»։