Գերմանացիների կեսից ավելին դեմ է աջ ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության արգելքին, վկայում են Frankfurter Allgemeine Zeitung-ի պատվերով վերջերս անցկացված հարցումները։ Դրանց համաձայն, չնայած հարցվածների մեծամասնությունը՝ 57%-ը, կուսակցության աճող ժողովրդականությունը համարում է մտահոգիչ, շատերը կարծում են, որ դրա արգելքը հակառակ արդյունքը կունենա:
«Գերմանացիների 54%-ը վստահ է, որ այդ կուսակցությունը արգելելու դեպքում նույն հայացքներով նոր կուսակցություն կստեղծվի», - նշում են հետազոտողները:
Հարցումը միաժամանակ վկայում է, որ կուսակցության ժողովրդականությունը շարունակում է աճել. եթե 2023-ին հարցվածների 22%-ն էր պատրաստ քվեարկել դրա օգտին, ապա այժմ այդ ցուցանիշը արդեն 33% է։
AfD-ի ընտրողների 80%-ը նշել է, որ դեմ է իշխանությունների միգրացիոն քաղաքականությանը, 62%-ն էլ ասել է, թե «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը համարում է երկիրը պաշտպանելու ունակ կուսակցություն։