Բաքուն շարունակում է պնդել, թե Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներն ինքնակամ են լքել իրենց տները:
«Իրենց սեփական որոշումն էր»,- դարձյալ հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը «Berliner Zeitung» թերթի հետ զրույցում:
Հայերի հնարավոր վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ ադրբեջանցի պաշտոնյան ասել է. «Նախ մենք հայերին չենք վտարել Ղարաբաղից։ Հեռանալու որոշումն իրենք են կայացրել։ Երկրորդ՝ Ադրբեջանը պատրաստել է բավականին համապարփակ վերաինտեգրման ծրագիր, բայց հայերը մերժել են այն»։
«Վերաինտեգրման ծրագիրը» Ադրբեջանի իշխանությունը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակմանը հաջորդած լայնածավալ զինված հարձակումից հետո, երբ Արցախն արդեն հայաթափվել էր:
Այդ փաստաթղթում Ալիևի վարչակազմը խոստանում էր պաշտպանել Ադրբեջանի քաղաքացիություն կամ կեցության իրավունք ստացող հայերի իրավունքները՝ մասնավորապես թույլ տալ կիրառել մայրենի լեզուն, ապահովել կրոնական ազատությունը, պահպանել մշակութային, կրոնական հուշարձանները։
Այս խոստումներին հետևած ամիսներին, սակայն, ադրբեջանական իշխանությունները վնասեցին Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության մեծ մասը՝ հիմնահատակ քանդելով հուշարձաններ, կրոնական, մշակութային կոթողներ: