ՀՀ-ն ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունն ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ունենում Ադրբեջանի տարածքով և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։ Հայաստանի Հանրապետությունը ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան։ Մենք այս նախագծով ահռելի տարանցիկ բեռներ ենք հրավիրելու կամ այդ բեռներն ուղղորդվելու են այս ճանապարհից օգտվելու, և դա ահռելի եկամուտներ է բերելու թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին», - հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ «գործ ունենք մի շրջադարձային նշանակության պայմանավորվածության հետ, որից հրաժարում օգտավետ չի կարող լինել կողմերից որևէ մեկին»:

«Այն, ինչ որոշել ենք, հաջողություն է և՛ Հայաստանի համար, և՛ Ադրբեջանի համար, և՛ տարածաշրջանի համար: Եթե մի բան համարվում է հաջողություն, մենք համարում ենք հաջողություն, ինչի՞ հրաժարվել դրանից», - ասաց վարչապետը:

«Այն, ինչ այսօր ունենք Վաշինգտոնի բանակցությունների արդյունքում, նույն տարբերակը մենք մեր մասով առաջարկել ենք նաև Ռուսաստանի Դաշնությանը, մյուս գործընկերներին, և այն, որ Վաշինգտոնում ենք ու այս ձևաչափով է մոտեցում ցուցաբերվել պատճառն այն է, որ Միացյալ Նախահնգները շատ ակտիվ էր, նախագահ Թրամփը ներգրավված էր, նրա թիմը ներգրավված էր: Միացյալ Նահանգների կողմից մենք շատ ակտիվ ու կենդանի ըմբռնում տեսանք տվյալ խնդրի շրջանակներում մեր արձանագրած սկզբունքների նկատմամբ, որոնք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնարար դրույթներն են: Խոսքը տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքի մասին է», - ասաց Փաշինյանը:

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երեք երկրների ղեկավարները Վաշինգտոնում կայացած հանդիմանը ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը

«Մենք այս փուլում չենք մտել դետալների մեջ: Ինչպիսին էլ որ լինեն լուծումները, որոնց քննարկումները մենք կունենանք, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքների շրջանում ու գործեն փոխադարձության հիման վրա», - հայտարարեց է վարչապետ Փաշինյանը:

«Այս նախագծով ՀՀ-ն ՌԴ-ի հետ երկաթուղային կապ է ստանում»

Այս նախագծով ՀՀ-ն ՌԴ-ի հետ երկաթուղային կապ է ստանում, որը 30 տարի մենք չունեինք, ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք երկաթուղային կապ ենք ստանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը շատ կարևոր է: Մենք երկաթուղային կապ ենք ստանում Կենտրոնական Ասիայի հետ, իհարկե լաստանավային նաև սցենարով, այդ թվում՝ Չինաստանն է ստանում նոր ճանապարհ երկաթուղային դեպի արևմուտք, որն այս պահին չունի։ Այս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ նահանգների միջև», - նշեց վարչապետը։

«Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետությունը»

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյոք Ադրբեջանի քաղաքացիները և բեռները TRIPP-ով անցնելիս անձնագրային և մաքսային ստուգում են անցնելո՞ւ, ո՞ւմ կողմից՝ հայ մաքսավորների՞ ու սահմանապահների՞, թե ամերիկյան ընկերության աշխատակիցների, արդյոք անվտանգության ապահովումը ամերիկյան կողմն է ստանձնելո՞ւ, ո՞վ է ապահովելու Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման անվտանգությունը Ադրբեջանի տարածքում, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ «Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանում անվտանգությունն ապահովում է Ադրբեջանի անվտանգությունը»:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության օրենքները, սա շատ հստակ է: Ինքնիշխանությունը, իրավազորություն ը և տարածքային ամբողջականությունն էդ են նշանակում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքները»:

«Լինելու են ներդրողներ ու ներդրումային ընկերություններ: Ներդրումային ընկերությունները կարող են ունենալ պահնորդական ծառայություններ: Դա որևէ կերպ չի սահմանափակում Հայաստանի ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, դատաիրավական համակարգի լիազորություններն ու գործունեությունը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, վարչապետը նշեց՝ որոշակի տարբերություններ, այնուամենայնիվ, կան. - «Որոշակի տարբերություններ կան, որովհետև մենք ուզում ենք ներգրավենք օտարերկրյա ներդրողներ և օտարերկրյա ներդրողների բիզնես կառավարման մոդելով հետաքրքրված ենք: Ադրբեջանը, գուցե նաև այն պատճառով, որ ֆինանսական էական սահմանափակումներ չունի, հետաքրքրված չէ դրանով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Այդ թեման քննարկվել ու բարձրացվել է բարձրագույն մակարդակով». Փաշինյանը՝ գերիների մասին

Անդրադառնալով գերի վերաբերյալ հարցին Փաշինյանը նշեց. - «Չկա այդպիսի բանակցություն, որտեղ մենք Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման չենք բարձրացնում: Այդ թեման քննարկվել ու բարձրացվել է բարձրագույն մակարդակով: Ձեռնպահ կմնամ այդ քննարկումների արդյունքների մասին որևէ բան ասել, քանի դեռ արդյունք չկա, ուրեմն՝ ցավոք, արդյունք չկա: Քանի դեռ տեղի չի ունեցել այն, ինչ մենք սպասում ենք, մենք պետք է ընկալենք այնպես, որ արդյունք չկա»: