Թրամփի հետ հանդիպմանը Բաքվում պահվող հայ գերիների հարցը քննարկվել է հենց Փաշինյանի նախաձեռնությամբ. Նազելի Բաղդասարյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, հայտարարում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով՝ «ընդ որում, վարչապետը հարցի մասին խոսել է ամբողջության մեջ եւ ոչ թե մասնակի»:

«Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին», - նշել է Բաղդասարյանը։

Փաշինյանի խոսնակը հիշեցրել է՝ վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը և փնտրում լուծումներ։

Բաքվում, պաշտոնական տվյալներով, այժմ 23 հայ է պահվում, ընթանում է նրանցից 16-ի դատավարությունը, մյուսների մեղադրական վճիռներն արդեն կայացված են: Բաքվի ռազմական դատարանում 16 հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների բացակայությամբ է ընթանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տանը կայացել է Փաշինյան-Թրամփ հանդիպում. ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերիների ու արցախցիների վերադարձի հարցը մնաց լուսանցքում