Հեռախոսազրույց են ունեցել Անտոնիու Կոշտան և Իլհամ Ալիևը

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, արխիվ

Հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրմանը՝ Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է այդ արդյունքների կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովման առումով։ Նա հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը աջակցելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացին։

Իլհամ Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի շրջանի միջև անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցության մասին համաձայնագրի կարևորությանը։

Օգոստոսի 12-ին էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հեռախոսազրույց ունեցել, Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:

Երևանն ու Բաքուն օգոստոսի 11-ին միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Այն անցած շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը: