Ռուս պաշտոնյաների հետ հանդիպում Հայաստանի կառավարությունում, որից հետո Երևանի տարածած պաշտոնական հաղորդագրությունում կոնկրետ հիշատակում չկա՝ արդյոք քննարկման թեմա դարձե՞լ են նաև վաշինգտոնյան վերջին պայմանավորածությունները:
Երևան են եկել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, նրանց ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպմանը հայկական կողմից ներկա էին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։ Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ», - ասված է հաղորդագրությունում։
Մի քանի օր առաջ հենց Օվերչուկն էր ասել՝ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում: Այնուհանդերձ, ռուս պաշտոնյան հավելել էր՝ կան որոշ նրբություններ, որոնք պետք է ճշգրտեն կողմերի հետ:
«Չնայած կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ այդ թեման չի հիշատակվում, բայց ես կարծում եմ, որ ինչպես Իրանի նախագահի այցի պարագայում, այնպես էլ այս դեպքում, Օվերչուկի և Գալուզինի այցը առաջին հերթին նպատակ է հետապնդում հստակեցնել այդ պայմանավորվածությունների վերաբերյալ դետալները», - ասաց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:
2020-ի պատերազմից հետո տրանսպորտային ապաշրջափակման հարցը Երևանն ու Բաքուն Մոսկվայի մասնակցությամբ էին քննարկում, անգամ փոխվարչապետերի հանձնաժողով ստեղծվեց, որը 2 տարի է հանդիպումներ չի անցկացնում, փաստացի, չի գործում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խումբը վաղուց չի գործում. ՓաշինյանՌուսներն ուղիղ չեն ընդդիմանում Վաշինգտոնի միջնորդությամբ, նաև մասնակցությամբ ապաշրջափակման պայմանավորվածությանը, սակայն Մոսկվայից հայտարարում են՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ մշակելիս պետք է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում։
«Ռուսաստանը վերջին տարիների ընթացքում փորձում էր վերահսկողություն հաստատել այդ կոմունիկացիայի նկատմամբ կամ առնվազն լինել այդ կոմունիկացիայի ֆասիլիդատորը: Մենք տեսանք, որ այդ ջանքերը մեծ հաշվով կյանքի չկոչվեցին: Այն համգամանքը, որ հիմա ամերիկյան թեկուզ մասնավոր ընկերությունը կարող է այդ գործառույթը կատարել, չի կարող չանհանգստացնել Մոսկվային», - ասաց Գրիգորյանը:
Երևանն ու Վաշինգտոնը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Դրա դետալները դեռ հայտնի չեն, ԱՄՆ նախագահ Թրամփը միայն հայտարարել է «միջանցքը զարգացնելու» հայ-ամերիկյան գործընկերության մասին, որը 99 տարով է: Իսկ Հայաստանի փոխարտգործնախարարը՝ որ ընկերությունը կգրանցվի Հայաստանում, իսկ բաժնեմասերը կկիսվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: Վանան Կոստանյանը, սակայն, վստահեցրել էր, թե սա նշանակում է ամերիկյան անվտանգային ներկայություն տարածաշրջանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընկերության բաժնետոմսերը կկիսվեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, բայց սա չի նշանակում ԱՄՆ անվտանգային ներկայություն տարածաշրջանում. ԿոստանյանԺողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը չի կիսում Հայաստանի վարչապետի լավատեսությունը, թե տարածաշրջանային գործընկերների մտավախություններն այս ծրագրի վերաբերյալ այլևս փարատված են:
«Քանի դեռ այդ դետալները պարզ չեն, իսկ ես կարծում եմ, որ այս սկզբնական փուլի լավատեսությունը կապված է այն բանի հետ, որ ինքնիշխանության, իրավազորության ու նաև տարածքային ամբողջականության սկզբունքները շեշտված են, այնուամենայնիվ, տարբեր ձևակերպումների հետ կապված և այդ ձևակերպումների մեկնաբանությունների հետ կապված խնդիրներ ունենալու ենք: Քանի դեռ այս իրավիճակը կա, ես չեմ կարծում, թե ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի, բայց նաև Հայաստանի ներսում այդ մտահոգությունները կարելի է փարատված համարել», - ընդգծեց նա:
«Եթե կենտրոնանանք համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, այլև Ռուսաստանը և Իրանը կունենան շատ կարևոր օգուտներ», - Վաշինգտոնից հետո վարչապետ Փաշինյանը ջանում էր Թեհրանին ու Մոսկվային տնտեսապես շահագրգռել:
Բայց վարչապետի հայտարարությունից հետո էր Օվերչուկն ասել՝ իրենց նրբություններն են հետաքրքիր, որոնք վերաբերում են Հարավային Կովկասում ՌԴ-ի շահերին, նախ և առաջ՝ երկաթուղային հաղորդակցության զարգացման տեսանկյունից: «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնված ռուսական երկաթուղուն, արդյոք ապաշրջափակման ու երկաթգծի գործարկման դեպքում դրա ապագայի՞ հարցն է Մոսկվային հետաքրքրում, այդքան էլ հստակ չէ:
Քաղաքագետը կարծում է՝ Ռուսաստանի հիմնական մտահոգությունները ոչ թե տնտեսական են, այլ՝ աշխարհաքաղաքական: Չի բացառում, որ անշուշտ ռուսական կողմը կարող է նաև կոմերցիոն հետաքրքրություն ունենալ. - «Ստրատեգիական նշանակություն ունեցող այս թեմայում Ամերիկայի ներկայությունն, իհարկե, չի կարող ողջունելի լինել Ռուսաստանի կողմից»:
Եթե իր շահերի հետ հակասություն տեսավ, Գրիգորյանը կարծում է, Մոսկվան ակտիվորեն խոչընդոտելու է «Թրամփի ուղու» իրականացմանը.- «Դրա համար Ռուսաստանը դեռևս լծակներ ունի, այդ լծակները հիմնականում տնտեսական և էներգետիկ են, բայց նաև իրավական բնույթի լծակներ ունի: Օվերչուկն իր հարցազրույցի մեջ շեշտել է, որ Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ անդամ լինել, հայ-իրանական սահմանին ևս կանգնած են ռուս սահմանապահներ, ես կարծում եմ, այս իրավիճակը կարող է փոխվել մոտ ապագայում, բայց դեռևս այդ լծակը ևս գոյություն ունի: Ռուսաստանը վստահաբար օգտագործելու է այդ բոլոր լծակները՝ իր համար ավելի նպաստավոր արդյունքների հասնելու համար»:
Երևանում Օվերչուկին ուղեկցում էր փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, որը սովորաբար տնտեսական հարցեր քննարկող փոխավարչապետի նախորդ այցերի ժամանակ ներկա չի եղել: