Ուկրաինան ակտիվացրել է ԱԹՍ-երի հարձակումները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա

Ուկրաինան ակտիվացրել է անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների և արտահանման ենթակառուցվածքների վրա։

«Վերջին հարվածները խաթարել են Ռուսաստանի տնտեսության առանցքային այս ոլորտի հզորության առնվազն 17 տոկոսը կամ՝ օրական կրճատել 1.1 միլիոն բարելի արտադրություն՝ բենզինի պակաս առաջացնելով Ռուսաստանի որոշ շրջաններում», - հաղորդում է «Ռոյթերզ»-ը։

Վերլուծաբանները նշում են, որ Կիևն այս մարտավարությամբ փորձում է ամրապնդել դիրքերը հնարավոր խաղաղ բանակցություններում՝ կասկածի տակ դնելով պնդումները, թե Ուկրաինան արդեն պարտվել է պատերազմում։

Ռուսաստանի բյուջեի եկամուտների մեկ քառորդը կախված է նավթի և գազի արտահանումից, որոնց հաշվին այս տարի պաշտպանական ծախսերն ավելացել են 25 տոկոսով՝ հասնելով Սառը պատերազմից ի վեր ամենաբարձր մակարդակին։