Իսրայելը դեսանտ է իջեցրել Դամասկոսի մոտակայքում գտնվող ՀՕՊ բազայում

Իսրայելը Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող նախկին հակաօդային պաշտպանության բազայում դեսանտ է իջեցրել, սակայն հետո հետ քաշվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սիրիական բանակի երկու աղբյուրներին և Syria TV-ին։

Ըստ Reuters-ի՝ բազան օգտագործվել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարման օրոք։ Հարվածները թիրախավորել են Էլ-Քիսվա շրջանը և Ջեբել Մանեա լեռան գագաթը, որոնք իրանամետ աշխարհազորայինների կողմից օգտագործվող ամենակարևոր ռազմական դիրքերից էին։

Օգոստոսի 26-ին էլ սիրիական պետական SANA գործակալությունը գրել էր, որ իսրայելական կողմը հարվածել է սիրիացի զինվորներին, որոնք պարեկության ժամանակ հայտնաբերել են «հսկողության և լսողական սարքեր» և փորձել են չեզոքացնել դրանք։ Անընդհատ հարվածները թույլ չեն տվել այլ ստորաբաժանումներին հասնել տարածք մինչև օգոստոսի 27-ի երեկոն։

Սիրիայի կառավարությունը դատապարտել է իր բանակային ստորաբաժանումների վրա հարձակումը։ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հարձակումը որակել է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ խախտում։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Դամասկոսի մոտ հարձակման մասին հաղորդագրություններից հետո X -ում գրել է, որ իսրայելական ուժերը գործում են «բոլոր ճակատներում, ցերեկը և գիշերը, Իսրայելի անվտանգության համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը կրկին հարվածել է Սիրիայի տարածքին