Խուզարկություններ՝ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում

Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։

Նախաքննության շահերից ելնելով՝ Հակակոռուպցիոն կոմիտեից այս պահին այլ տեղեկատվություն չեն հայտնում:

«Ազատության» տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվել վարչականի դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի և դատավորներ Մհեր Պետրոսյանի ու Լուսինե Բոյաջյանի բնակարաններում և աշխատասենյակներում:

Օրենքով դատավորներին քրեական հետապնդման ենթարկելու համար իրավապահները պետք է ստանան Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) թույլտվությունը. այս պահին որևէ թույլտվություն չկա, դատավորներն էլ մեղադրյալի կարգավիճակ չունեն: Ամենայն հավանականությամբ գլխավոր դատախազը երկուշաբթի կդիմի Բարձրագույն դատական խորհուրդ: