Երևանից Աբու Դաբի մեկնող քաղաքացիները Wizz Air Abu Dhabi-ի պատճառով հարյուրավոր դոլարներ են կորցրել։ Թռիչքից երկու օր առաջ ավիաընկերությունն ուղևորներին տեղեկացրել է, որ չեղարկում է չվերթը, իսկ ավիատոմսերի գումարը փոխանցում Wizz Air-ի օգտահաշվին՝ որպես վաուչեր՝ հետագայում ընկերությունից այլ ուղղություններով տոմսեր գնելու համար։
Ուղևորներից շատերը, տեղեկանալով չեղարկման մասին, շտապել են այլ ավիաընկերություններից տոմսեր գնել, որ նաև ամրագրած հյուրանոցները չկորցնեն։ Ընդ որում՝ մի քանի անգամ ավելի բարձր գին վճարելով նոր ավիատոմսի համար։
Ուղևորներից Մայա Բեգլարյանն «Ազատությանը» պատմեց՝ թանկ տոմսերը գնելուց 24 ժամ չանցած էլ Wizz Air-ից հայտնել են, թե վերականգնել են չվերթը: Բեգլարյանը, որը նաև հայաստանյան տուրիստական ընկերություններից մեկի ղեկավարն է, ասաց՝ Wizz Air-ի վերականգնած չվերթով են մեկնել Աբու Դաբի։ Իսկ Air Arabia-ից գնած տոմսը վերադարձնելով՝ կորցրել են 780 դոլար, մնացած 900 դոլարը վաուչերի տեսքով հաշվին է, կարող են միայն օգտագործել, եթե դարձյալ մեկ տարվա ընթացքում ուղևորություն կազմակերպեն։ Քաղաքացու խոսքով՝ նման իրավիճակում են հայտնվել նաև նույն չվերթի բազմաթիվ ուղևորներ: Ասում է՝ Wizz Air-ը, որի պատճառով հայտնվել են նման իրավիճակում, չի պատրաստվում փոխհատուցել նրանց կրած վնասները։
«Որովհետև Wizz Air-ով կոնկրետ այդ ընթացքում տոմսեր ունեին գնված, ու իրենք էլ Air Arabia-ով տոմսեր գնեցին, մտածելով, որ Wizz Air-ը փոխհատուցում կտա, բայց Wizz Air-ը առանց հարցնելու իրենց տոմսերը վերականգնեց, քանի որ իրենք Air Arabia-ով արդեն շատ թանկ տոմսեր էին վերցրել, մեկնեցին դրանով։ Կոնկրետ իմ թռիչքի ժամանակ՝ 26.08-ին, որ ես մեկնեցի, ինքնաթիռը ուղղակի դատարկ գնաց։ Այդ բոլոր տեղերը Air Arabia-ի ու Fly Dubai-ով են թռել», - պատմեց Բեգլարյանը։
Passenger.am ուղևորների իրավունքներով զբաղվող ընկերության համահիմնադիր Վաներ Հարությունյանն ասում է՝ Wizz Air Abu Dhabi-ն պետք է փոխհատուցի ուղևորների ֆինանսական վնասները. «Շատ հավանական է, ինչքան էլ անհավանական թվա, բայց հավանական է, որ Wizz Air-ը առավելագույն ձևով ձգձգի ուղևորներին այդ այլընտրանքային տոմսերի գումարների փոխհատուցումը տրամադրելը։ Այստեղ մի բան է հատկանշական, որ Wiz Air-ը ամեն դեպքում օբյեկտիվության համար պետք է ասել, որ փոխհատուցել է այն գումարի չափը, որը չեղարկվել է, բայց նաև դեպքեր են եղել, որ հետո այդ գումարը հետ է վերցրել և թռիչք է իրականացրել։ Այստեղ օրինակի համար, եթե ուղևորը վճարել է 150 եվրո այլընտրանքային չվերթի համար, բայց Wiz Air-ը փոխհատուցել էր նախնական իր իսկ վճարած 100 եվրոն, այստեղ տարբերությունը պիտի վճարի այլընտրանքային տոմսի՝ 50 եվրո, օրինակի համար, որպեսզի ավելի պարզ ու հասկանալի լինի»:
Ոլորտի մասնագետը շեշտում է՝ նման դեպքերում հայաստանյան ուղևորներն անպաշտպան են, չկա որևէ իրավակարգավորում՝ պատասխանատվության ենթարկելու ընկերությանը։ Օրինակ է բերում հարևան Վրաստանը, որտեղ նման կարգավորումներ դեռ 2012 թվականից են գործում։
«Վրաստան մեկնող, Վրաստան ժամանող, Վրաստանով տարանցիկ մեկնող կամ Վրաստանի տարածքից մեկնող ցանկացած ավիաընկերություն խախտման դեպքում ենթարկվում է պատասխանատվության այս, այս, այս դեպքերի համար։ Կամ փոխհատուցում է կատարում ըստ ժամանակահատվածի և ըստ տարածության՝ 250-ից 600 եվրո, կամ էլ չկատարելու դեպքում ենթարկվում է վարչական և ֆինանսական պատասխանատվության։ Մեր փորձից ելնելով ասենք, որ հայկական գրանցման ավիաընկերությունը Երևան-Թբիլիսի չվերթի չեղարկման համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում Հայաստանում, բայց Թբիլիսի-Երևան չեղարկման դեպքում ենթարկվեց պատասխանատվության և շատ հանգիստ էլ վճարեց փոխհատուցման բոլոր գումարները, որովհետև վախ ուներ, որ Վրաստանում կենթարկվի ավելի ծանր ֆինանսական պատասխանատվության», - ասաց Հարությունյանը:
Հայաստանն ու Եվրամությունը 2021-ին Ընդհանուր ավիացիոն համաձայնագիր են ստորագրել։ Հարությունյանը բացատրում է՝ նաև այդ փաստաթղթով է Երևանը համաձայնել իր օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպականի հետ, այդ թվում՝ սպառողների իրավունքների պաշտպանության առումով, սակայն մինչ այժմ որևէ փոփոխություն չի կատարվել։
«Արևելյան գործընկերության երկրների մեջ միակը, կարելի է ասել, որ օրենսդրությունը 2006 թվականից ավիացիայի ոլորտում ամենաթույլն է, որն իր հերթին առաջ է բերում ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ավիաընկերությունների չարաշահումների՝ ի վնաս ուղևորների, ի վնաս հարկատու և ընտրող ՀՀ քաղաքացիների։ Սա պետք է հստակ հասկանալ։ Այստեղ խնդիր կա, բաց կա», - ընդգծեց Passenger.am ուղևորների իրավունքներով զբաղվող ընկերության համահիմնադիրը։
Հարությունյանն ասում է՝ հայաստանցի ուղևորների համար հիմա միակ այլընտրանքը մնում դատական քաշքուկների մեջ մտնելը։
Wizz Air-ը, ի դեպ, այսօրվանից դադարեցնում չվերթները դեպի Աբու Դաբի։ Ընկերությունից հայտնել էին, որ երկու տարի գործունեություն ծավալելուց հետո Մերձավոր Արևելքի անկայուն իրավիճակը հնարավորություն չի թողել շահույթ ստանալու համար։