«Մենք կանենք ամեն ինչ Ռուսաստանին օգնելու համար». Կիմ Չեն Ըն

«Մենք կանենք ամեն ինչ Ռուսաստանին օգնելու համար», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը՝ Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի շքերթից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանիպմանը:

«Ես արդեն նշել եմ այս մասին վերջին հանդիպման ժամանակ. եթե կա ինչ-որ բան, որով կարող ենք օգնել Ռուսաստանին, ապա մենք անպայման կանենք դա և կհամարենք դա եղբայրական պարտականություն, մենք կանենք ամեն ինչ Ռուսաստանին օգնելու համար», - Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է Ընը։

Հյուսիսային Կորեայի ղեկավարը նշելով, որ երկու երկրները համագործակցում են բոլոր ասպեկտներում՝ տարբեր ոլորտներում, հավելել է. «Կարծում եմ, որ մենք պետք է հասնենք ավելի մեծ հաջողությունների, որպեսզի այս ամենը համապատասխանի ժամանակի պահանջներին, ինչպես նաև օգնի մեր ժողովուրդների բարեկեցության բարելավմանը»։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի օգնության համար՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի արևմուտքում գտնվող Կուրսկի շրջանը «ազատագրելու» համար. «Ցանկանում եմ նշել, որ ձեր զինվորները կռվել են քաջաբար և հերոսաբար։ Ցանկանում եմ նշել, որ մենք երբեք չենք մոռանա ձեր զինված ուժերի և ձեր զինծառայողների ընտանիքների կողմից կատարված զոհողությունները»։

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ 2024 թվականին մոտ 12 հազար, այս տարի էլ ՝ 3 հազար հյուսիսկորեացի զինվոր է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Սեուլի տվյալներով՝ հյուսիսկորեական կորուստները կազմել են մոտ 4,700 մարդ, այդ թվում՝ 600 զոհ։