Ուկրաինական ԱԹՍ-երը հարձակվել են Իլսկիի նավթավերամշակման գործարանի և «Դրուժբա» նավթատարի վրա

Իլսկիի նավթավերամշակման գործարանը

Կրասնոդարի երկրամասում անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Իլսկիի նավթավերամշակման գործարանում: Տեխնոլոգիական բլոկներից մեկը հրդեհվել է: Այս մասին հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը: Ինչպես նշվում է, զոհեր և վիրավորներ չկան:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Իլսկիի նավթավերամշակման գործարանի վրա հարձակումը: Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ այս գործարանը «տարեկան մշակում է 6.42 միլիոն տոննա նավթ և մասնակցում է Ռուսաստանի զինված ուժերի մատակարարմանը»:

Բացի այդ, Բրյանսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նոր հարձակում են սկսել «Դրուժբա» նավթատարի վրա: Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատարի խոսքով՝ հարված է հասցվել Նայտոպովիչի գյուղում գտնվող 8-N գծային արտադրության կառավարման կայանին: «Օբյեկտը ռազմավարական նշանակություն ունի Բելառուսի նավթավերամշակման գործարաններից Ռուսաստանի Դաշնություն նավթամթերքի տեղափոխման համար», - գրել է նա Telegram-ում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի լույս 7-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ուկրաինական 69 անօդաչու թռչող սարք Ռուսաստանի ինը արևմտյան և հարավային շրջաններում։ Գիշերը դադարեցվել է Մոսկվայի Ժուկովսկի օդանավակայանի, ինչպես նաև Վոլգոգրադի և Նիժնի Նովգորոդի օդանավակայանների աշխատանքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բուդապեշտը պատժամիջոց է սահմանել «Դրուժբա»-ի վրա հարձակման համար պատասխանատուի դեմ