Միքայել սրբազանի փաստաբանը կրկին բացարկ հայտնեց դատավորին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը դատական նիստին նախքան պաշտպանական ճառով հանդես գալը կրկին բացարկ հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Միջնորդությունը մերժվեց:

Նախորդ նիստին Զոհրաբյանի նույնաբովանդակ միջնորդությունը ևս մերժվել էր:

Դատարանը սեպտեմբերի 2-ի նիստին բավարարել էր դատախազի համապատասխան միջնորդությունը՝ երկարաձգելու արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը առնվազն մեկ ամսով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աջապահյանը ևս մեկ ամիս կմնա կալանքի տակ

Միքայել արքեպիսկոպոսի գործով դատական նիստն արդեն մտնում է ավարտական փուլ։ 5 փաստաբաններից վերջինի՝ Զոհրաբյանի հերթն է հակադարձելու դատախազի՝ սրբազանին մեղավոր ճանաչելու պահանջին։

Փաստաբանական թիմն արդեն երրորդ օրը պաշտպանական ճառերում պնդում է՝ սրբազանը պատժվում է իր մտքերի համար, իսկ նրա խոսքը կոչ անվանելը մանիպուլյացիա է։

Շիրակի թեմի առաջնորդին երկու ամսով կալանավորել են հունիսի 28-ին, օգոստոսի 15-ին ևս դատարանը տասն օրով երկարաձգել է կալանքը:

62-ամյա Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։