Լիտվայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հայտնաբերվել է 15 հոգանոց խումբ՝ Ռուսաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Ուկրաինայի քաղաքացիներ, որոնք կասկածվում են Եվրոպայում չորս ահաբեկչական հարձակումների կազմակերպման մեջ։
Քննության տվյալներով՝ 2024թ. հուլիսին նրանք Վիլնյուսից DHL և DPD ծառայություններով ուղարկել են պայթուցիկով լցված ծանրոցներ․ մեկը պայթել է Լայպցիգի օդանավակայանում, մյուսը՝ Լեհաստանում բեռնատարում, երրորդը՝ Բիրմինգհեմի DHL պահեստում։ Չորրորդը չի գործել սարքի անսարքության պատճառով։
Դատախազությունը հայտարարում է, որ հարձակումները կազմակերպվել են ՌԴ ռազմական հետախուզության հետ կապ ունեցող անձանց կողմից։
Գործի մի քանի կասկածյալներ առնչվել են նաև Վիլնյուսի IKEA առևտրի կենտրոնը հրկիզելու փորձին։ Նրանցից երեքի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։
Մոսկվան դեռ չի արձագանքել տեղի ունեցածին։