Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 22-ին հայտարարել է Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին։

Հայտարարությունը հնչեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում անցկացվող գագաթնաժողովում, որը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ նվիրված էր Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանը՝ Իսրայելի և Պաղեստինի խաղաղ համակեցության սկզբունքի հիման վրա։

Մակրոնը մի քանի ամիս առաջ արդեն հայտարարել էր իր մտադրության մասին, իսկ ՄԱԿ-ի ամբիոնից վերահաստատել է, որ այս քայլը, իր համոզմամբ, պետք է ճանապարհ բացի դեպի խաղաղություն։
Նախօրեին Պաղեստինի ճանաչման մասին հայտարարեցին նաև Ավստրալիան, Կանադան, Պորտուգալիան և Մեծ Բրիտանիան, իսկ ավելի վաղ՝ Մալթան, Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը և Սան Մարինոն։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրուկ քննադատել է Փարիզի որոշումը՝ այն որակելով «ահաբեկչության պարգևատրություն» և խոստացել պայքարել ճանաչման դեմ բոլոր միջազգային հարթակներում։ ԱՄՆ-ը պնդում է, որ Պաղեստինի պետական կարգավիճակի հարցը պետք է որոշվի ուղիղ բանակցությունների միջոցով։ Գերմանիան և Իտալիան ևս չեն աջակցել այս նախաձեռնությանը։

Հայաստանը դեռ 2024 թվականի հունիսին պաշտոնապես ճանաչել էր Պաղեստին պետությունը՝ ընդգծելով, որ այդ քայլը բխում է Մերձավոր Արևելքում խաղաղության և երկու պետություն սկզբունքի իրագործման անհրաժեշտությունից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը. Պաղեստինը շնորհակալ է, Իսրայելը քննադատում է