Ապօրինի թմրանյութի ու զենքի շրջանառության գործով միակ մեղադրյալը դեսպանի եղբայրն է, ընկերն ազատության մեջ է

Միացյալ նահանգներում Հայաստանի դեսպանի եղբոր՝ ապօրինի զենքի շրջանառության համար տնային կալանքի տակ գտնվող Մկրտիչ Մկրտչյանի ընկերն ազատության մեջ է: Մկրտչյանն ու ընկերը 20 օր առաջ հայտնվեցին իրավապահների տեսադաշտում: Ոստիկաններին տեսնելով՝ դեսպանի եղբոր մեքենայից տղամարդը փախել էր՝ նետելով ատրճանակ ու թմրանյութի նման զանգված:

Մկրտիչ Մկրտչյանը, որ վարում էր մեքենան, ձերբակալվեց, իսկ ընկերոջը օրեր շարունակ ոստիկանները չէին հայտնաբերում: Այսօր տեղեկացանք, որ նա ինքնակամ ներկայացել է բաժին ու ազատ արձակվել: Այս դեպքով մեղադրանք է առաջադրվել միայն դեսպանի եղբորը: Ստացվում է՝ ենթադրյալ հանցանքի համար միակ մեղադրյալը Մկրտիչ Մկրտչյանն է:

Մինչդեռ դեպքի օրը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պնդել էր, որ իրենց գործընկերոջ եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել:

Լրատվամիջոցներն էին գրում, որ ատրճանակն ու թմրանյութը Մկրտիչ Մկրտչյանինն է եղել, և երբ ոստիկանները նրա մեքենան կանգնեցրել են, դրանք փոխանցել է ուղևորին, նա էլ մեքենայից փախել է ու նետել:

Ներքին գործերի նախարարը, որ դեռ նախաքննությունը չավարտած, պնդում էր՝ թիմակցի եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել, միաժամանակ վստահեցնում էր, թե ծածկադմփոց չեն անի, կբացահայտեն գործը. «Եթե նախարարությունը նպատակ հետապնդեր որևէ դեպք կոծկել, ես վստահեցնում եմ, որ ձերբակալման փաստը վրա չէր հասնի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել և, ուղևորի մոտից նետվել են իրեր, որտեղ հայտնաբերվել է, նախնական արդյունքներով, թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական է, որ այդ իրավիճակում Պարեկային ծառայությունը պիտի իրականացներ ձերբակալում։ Ձերբակալումը իրականացվել է, անձին բերման են ենթարկել բաժին, բաժնում տվյալ անձի մոտ ոչինչ չի հայտնաբերվել»։

Դեսպանի եղբոր նկատմամբ կիրառված սանկցիան արագ փոխեցին, նա կալանավայրից տեղափոխվեց տուն՝ 2 միլիոն դրամ գրավի դիմաց՝ տնային կալանքի: Դատարանի այս որոշումից նրա փաստաբանն էլ է գոհ: Արդյոք կբողոքարկի՞ Վերաքննիչում, որ ազատ արձակեն իր պաշտպանյալին, փաստաբանը խոստացավ ավելի ուշ պատասխանել «Ազատության» հարցերին:

Մինչ այդ հստակ է, որ թեև գործը հարուցվել էր ապօրինի թմրանյութի ու ապօրինի զենքի շրջանառության հոդվածներով, իշխանության ներկայացուցչի եղբորը մեղադրանք է առաջադրվել միայն ապօրինի զենքի հոդվածով: Թե ինչո՞ւ են անտեսում հայտնաբերված թմրանյութի հանգամանքը և դրանով էլ մեղադրանք չեն առաջադրում, Քննչականից չեն մեկնաբանում: