Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը «հաղթում է» Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական զորքերը հաղթանակում են, Ուկրաինայում տարվող, նրա ձևակերպմամբ, «արդար պայքարում»:

Նա նշել է, որ ամբողջ երկիրն է քրտնաջան աշխատում այս ուղղությամբ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, թե ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի շրջանի որոշ կարևոր հատվածներում գտնվող ևս երկու առաջնագծային բնակավայրեր:

Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել ռուսական հայտարարությունը երկու գյուղերի վերաբերյալ, սակայն նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Դոնեցկի շրջանի Դոբրոպիլյա քաղաքի մոտ Կիևի հակահարձակողական գործողությունը առաջընթաց է արձանագրել։

Ռուսաստանը լայնածավալ ներխուժում է սկսել Ուկրաինա 2022 թվականի փետրվարի 24-ին՝ այն անվանելով «հատուկ ռազմական օպերացիա»՝ իր հարևանին ապառազմականացնելու և ապազգայնացնելու համար։ Կիևը և նրա դաշնակիցները հայտարարում են, որ ներխուժումը տարածքը գրավելու անառարկելի փորձ է։

Ըստ մարտադաշտի քարտեզների բաց աղբյուրների՝ Ռուսաստանը վերահսկում է գրեթե 114 հազար 500 քառակուսի կիլոմետր կամ Ուկրաինայի տարածքի 19 տոկոսը, ներառյալ Ղրիմը, և երկրի արևելքում և հարավ-արևելքում գտնվող տարածքի զգալի մասը: