«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ներկա են լինում հայերի դատերին, երբ Ադրբեջանն է դա թույլ տալիս». իրավապաշտպան

ԱՄՆ-ն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին և հաստատում, որ «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հնարավորության դեպքում Բաքվում ներկա են լինում դատական նիստերին», հայտնել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Պոլ Գուալյանոնեն Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում:

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, նաև հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ», միաժամանակ «կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում»:

Դատելով հրապարակված նամակի մեջբերումներից՝ 23 հայ գերիների ազատ արձակման ուղիղ պահանջ չկա, բացի այն, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հնարավորության դեպքում ներկա են լինում նիստերին:

Սահակյանը կարևորում է նամակում Պետդեպի դիրքորոշումները

Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը կարևոր է համարում ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյայի նամակում արտացոլված դիրքորոշումները թե՛ արցախահայերի վերադարձի իրավունքի, թե՛ մշակութային ժառանգության պահպանման մասին:

Ինչ վերաբերում 23 հայ գերիներին, ապա իրավապաշտպանն արձանագրում է, որ նրանց ազատ արձակելու մասով ուղիղ պահանջ չկա, բայց Սահակյանը չի բացառում, որ ամերիկյան կողմը, պարզապես այս պահին մոնիտորինգի ենթարկելով հայ գերիների դատավարությունները, չի ցանկանում վաղաժամ դիրքորոշում հայտնել:

«Մենք կարող ենք եզրակացնել, որ ամերիկյան կառավարությունը ցանկանում է ամբողջական պատկեր ստանալ դատավարություններում տեղ գտած խախտումների վերաբերյալ, որից հետո հստակեցնել իր դիրքորոշումը ազատ արձակման խնդրում իրենց սեփական դերակատարման վերաբերյալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական դատարանը Բաքվից հայ գերիների մասին հաշվետվություն է պահանջում

Այն, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հնարավորության դեպքում ներկա են լինում հայ գերիների դատավարություններին, հայաստանյան հանրության համար նորություն էր, քանի որ դրանք փակ են միջազգային կառույցների և անկախ լրատվամիջոցների համար: Հայերի դատավարությունները լուսաբանող ադրբեջանական պետական լրատվամիջոցները ևս հայերի դատավարությունների ամերիկյան մասնակցության մասին որևէ հիշատակում չեն արել:

Արդյո՞ք ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների ներկայությունը այդ դատավարություններին ինչ-որ չափով կբարձրացնի հայ գերիների պաշտպանվածությունը. Սիրանուշ Սահակյանն ասում է՝ դատելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյայի նամակից, կարելի է ենթադրել, որ դեսպանատան ներկայացուցիչները հայերի դատերին մասնակցում են միայն այն ժամանակ, երբ նրանց Ադրբեջանի իշխանություններն են թույլ տալիս, այսինքն՝ ամբողջական մոնիտորինգի հնարավորություն չկա: Հետևաբար, այդ դատավարությունների մասին, որոնք իրավապաշտպանի համոզմամբ, ընթանում են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, ամերիկյան կողմը փորձում է նաև այլընտրանքային տեղեկություններ հավաքագրել, այդ թվում՝ գերիների հարազատներից ու փաստաբաններից:

«Ես կարծում եմ, որ ամերիկյան կողմը բոլոր դեպքերում պետք է ազատ արձակման խնդրում ունենա դերակատարում, սակայն ի հավելումն դրա հրապարակային գնահատական նաև ձևավորի, թե դատավարությունները որքանով են համահունչ եղել մարդու իրավունքների ստանդարտներին, արդար դատաքննության իրավունքին, և ինչպիսի խախտումներ են արձանագրվել իրենց դիտարկումների արդյունքում», - ասաց Սահակյանը:

Բաքվի բանտերում տարիներ շարունակ պահվող հայերն ավելի քան 3 ամիս կատարյալ մեկուսացման մեջ են: Որևէ միջազգային կառույցի ներկայացուցիչ նրանց անցած ամիսներին չի այցելել, նրանց պահման ու առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն ստանալ հնարավոր չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ տնօրենը վերադարձավ Բաքվից, գերիները՝ ոչ

Կարմիր խաչի գրասենյակը, որ սեպտեմբերից վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Բաքվում, վերջին անգամ գերիներին տեսակցել էր անցած հունիսին:

Ինչո՞ւ էր Դավիթ Իշխանյանը Բաքվից պահանջում միջազգային կառույցների ցուցակը

Ի դեպ, հայ գերիների կատարյալ մեկուսացման պայմաններում երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի զինվորական դատարանից պահանջել է իրեն փոխանցել Ադրբեջանում գրանցված միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ցուցակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հերքել է ադրբեջանցու մեղադրանքը

Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ՝ ի պատասխան նիստը նախագահող դատավորն ասել է, թե Իշխանյանի միջնորդությունը դուրս է դատարանի իրավասություններից, և որ այդ ցուցակը Իշխանյանին կարող է փոխանցել նրա փաստաբանը: Դատավորը նաև պնդել է, թե Ադրբեջանում «միջազգային կազմակերպությունների գործունեության հետ կապված որևէ խնդիր չկա»: Իսկ թե ինչո՞ւ այդ դեպքում որևէ միջազգային կառույց կամ անկախ լրատվամիջոց այդ նիստերին ներկա լինելու հնարավորություն չունի, դատավորը չի պարզաբանել:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է՝ քաղբանտարկյալի կարգավիճակ ունեցող Դավիթ Իշխանյանը իր այդ միջնորդությամբ թերևս փորձել է ցույց տալ, թե որքանով է միջազգային կառույցների գործունեությունը հանդուրժվում Ադրբեջանում: Չի բացառվում նաև, որ Արցախի խորհրդարանի խոսնակը միջազգային կառույցներին նամակներ գրելու և խախտումները ներկայացնելու մտադրություն է ունեցել:

Դավիթ Իշխանյանը Լեռնային Ղարաբաղի 3 նախկին նախագահների հետ գերեվարվեց 2023 թվականի հոկտեմբերի սկզբին։ Նա Ազգային ժողովի նախագահ էր ընտրվել գերեվարումից ընդամենը 2 ամիս առաջ: