Ազգային անվտանգության ծառայությունը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ է անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին։ ԱԱԾ-ն հայտարարության մեջ նաև քաղաքացիներին է հորդորով դիմել՝ զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների որոշումների իրագործմանը:
Կառույցը հայտնում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ «նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել»:
«Այդ կապակցությամբ 2025թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Որոշման իրագործումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը», - ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծաթիվ ուժայիններ են: ԱԱԾ աշխատակիցներն ու ոստիկաններն առավոտյան ժամանել էին այստեղ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդին: Վերջինս հայտարարեց, որ թաքնվելու կարիք ինքը չունի:
Մայր Աթոռում հավաքվածները մի քանի ժամ է՝ փորձում են թույլ չտալ այնտեղից տեղափոխել Միքայել սրբազանին:
Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրեց՝ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջում անելու կոչի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քննիչը միջնորդել է կալանավորել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. փաստաբան (ուղիղ միացում)