Ադրբեջանը պնդում է, թե հայկական կողմը «փորձել է հետախուզական թռիչքներ անել իր դիրքերի ուղղությամբ»

Ադրբեջանը պնդում է, թե իբր երեկ երեկոյան և այսօր առավոտյան հայկական զինուժը երեք անգամ «փորձել է անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնել» Կոռնիձորի հանդիպակաց ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանական բանակի աչալրջության շնորհիվ Հայաստանի սադրիչ այդ փորձերը կանխվել են»,- պնդում է Բաքուն, հավելելով, թե հայկական զինված ուժերը նաև «մի քանի անգամ և ընդհատումներով» կրակ են բացել Գորիսի, Վարդենիսի և Ճամբարակի ուղղություններից։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի անդրադարձել այս պնդմանը: Սակայն նախորդ շաբաթ հերքել է կրակոցների մասին Բաքվի բոլոր պնդումները:

Սյունիքի սահմանամերձ Խոզնավարի ու Խնածախի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում օրեր առաջ հաստատել են, որ ավելի քան մեկ շաբաթ ադրբեջանական կողմն ինքն է կրակոցներ արձակել:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, բացի այդ, բազմիցս հիշեցրել է, որ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Պաշտպանության նախարարության նաև հայտարարել էր, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում: Վարչապետի աշխատակազմից, սակայն, մոտ 10 օր առաջ ասել էին՝ ոչ մի փաստական տվյալ Բաքուն չի ներկայացրել Երևանին։ Շեշտել էին՝ Պաշտպանության նախարարության ստուգողական աշխատանքներով հերքվել են Բաքվի մեղադրանքները։