ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները վկայում են Վաշինգտոնի «բարի կամքի բացակայության» մասին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի էներգետիկ հատվածի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները վկայում են Վաշինգտոնի «բարի կամքի և լրջության բացակայության» մասին Թեհրանի հետ երկխոսության հարցում, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Երեքշաբթի Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել հեղուկ նավթային գազի արտադրության գծով իրանցի մագնատի նկատմամբ: Պատժամիջոցներն ուղղված են իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելուն:

«Իրանի տնտեսության տարբեր հատվածների դեմ պատժամիջոցների շարունակական կիրառումը բացահայտ հակասության մեջ է երկխոսության եւ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջների հետ», - ասված է Իսմայիլ Բաղայի սոցցանցում արված գրառման մեջ:

Այս շաբաթ Օմանում նախատեսված են բանակցություններ ինչպես բարձր, այնպես էլ փորձագիտական մակարդակներով Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Պեկին կատարած այցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին ասել է, որ դեռ վաղ է դատել իրանա-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին, որոնք, նրա խոսքով, ընթանում են ճիշտ ուղղությամբ: