ԱՄՆ-ը և Չինաստանը կրճատում են մաքսատուրքերը

ԱՄՆ-ը և Չինաստանը համաձայնության են եկել՝ փոխադարձաբար նվազեցնելու մաքսատուրքերը, հայտնում է Սպիտակ տունը:

Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի կառավարությունները, գիտակցելով «երկկողմանի տնտեսական և առևտրային հարաբերությունների կարևորությունը», որոշել են մայիսի 14-ից նվազեցնել մաքսատուրքերը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ երկրները կնվազեցնեն փոխադարձ մաքսատուրքերը 115 տոկոսով: ԱՄՆ-ն՝ 145 տոկոսից մինչև 30 տոկոս, իսկ Չինաստանը՝ 125-ից մինչև 10 տոկոս:

Շաբաթներ շարունակված լարվածությունից հետո մայիսի 10-ին Ժնևում հանդիպել էին Չինաստանի փոխվարչապետ Հե Լիպենգը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը: Դոնալդ Թրամփը «շատ լավ» և «կառուցողական» է որակել երեկ Ժնևում տեղի ունեցած ԱՄՆ-Չինաստան հանդիպումը, պնդելով, թե աշխարհի երկու խոշորագույն տնետսությունները պայմանավորվել են «վերագործարկել առևտրային հարաբերությունները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը դրական է գնահատում Պեկինի հետ բանակցությունները

Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց աշխարհի գրեթե բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա առևտրային մաքսատուրքերի ներդրման մասին: Արդեն ապրիլի 9-ին նա կասեցրեց բոլոր երկրների համար մաքսատուրքերի ներդրումը՝ հիմնական մաքսատուրքը նվազեցնելով մինչև 10 տոկոս, բացառություն անելով միայն Չինաստանի համար, որի համար նա բարձրացրեց մաքսատուրքերը: Չինաստանը նույնպես արձագանքեց՝ բարձրացնելով ներմուծման մաքսատուրքերը: Արդյունքում, ապրիլի 11-ին Չինաստանից ԱՄՆ ապրանքների վրա ընդհանուր մաքսատուրքերը կազմել են 145 տոկոս, իսկ ԱՄՆ-ից Չինաստան ապրանքների վրա՝ 125 տոկոս: