«ԴՈԳ» մականունով Վարդան Ղուկասյանի աջակիցներն ու կուսակցության անդամներն այսօր դարձյալ հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև՝ պահանջելով Միացյալ Նահանգների դատական իշխանությունից օրինական վճիռ կայացնել և ազատ արձակել Ղուկասյանին։
«Անձրև լինի, կարկուտ լինի, թե կիզիչ արև, միևնույն է՝ Վարդանի համար պետք է գանք», - ասաց նրանցից մեկը, մյուսն էլ հավելեց. «Եկել ենք ասենք, որ լինի անձրև, թե կարկուտ, դուք ավելի պրինցիպ եք գցում ժողովրդին, որ կանգնենք մեր առաջնորդի կողքին»:
Ավելի քան 2 ամիս անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանն, ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի վարչության համաձայն, ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն կարգը խախտելու համար։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդան Ղուկասյանը կմնա անազատության մեջՄիգրացիոն կարգը խախտելուց բացի, Լաս Վեգասի դատարանը պետք է քննի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը։ Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված՝ շորթման, բռնության կոչերի, դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Ավելի վաղ կայացած դատական նիստում ամերիկյան դատարանը մերժել էր ԴՕԿ կուսակցության ղեկավարին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։
«Մենք եկել ենք աջակցելու, որ իրեն անհիմն են ձերբակալելու, ու մենք բոլորս իր կարիքն ունենք», - ասաց Ղուկասյանից աջակիցներից մեկը:
Լաս Վեգասի դատարանում հերթական նիստը նախատեսված է այսօր՝ Երևանի ժամանակով երեկոյան ժամը 8-ին։ ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը ասաց, թե չի բացառվում, որ այն հետաձգվի։
Նախօրեին Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե նրա ԱՄՆ-ի փաստաբանները պատրաստ չեն այսօր նշանակված լսումներին՝ հաշվի առնելով փաստերի, ապացույցների և թարգմանությունների մեծ ծավալը։ Փաստաբանը առաջնային էր համարել Ղուկասյանի խափանման միջոցը փոփոխելու հարցի քննարկումը։
«Փաստաբանական խումբն ամբողջովին այդ մեծ ծավալին չի տիրապետում, միգուցե հետաձգվի», - ասաց Խուդավերդյանը:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Ղուկասյանի արտահանձնումը ՀՀ-ին, նա պատասխանեց. «Դե գիտեք՝ 5 ժամ չի տևի նրան վերացնելը, բայց չեն արտահանձնելու, արդեն դրա ժամանակն անցել է»:
ԴՕԿ կուսակցության ղեկավարը փաստաբանի հետ միասին ծրագրում է առաջիկայում հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպանին և նրան հարցնել՝ ինչու են Ղուկասյանին պահում անազատության մեջ անօրինական։
Այսօր, ի դեպ, ԴՕԿ կուսակցության ղեկավարի ծննդյան օրն է։ Նրա 48-ամյակի կապակցությամբ աջակիցներն ու կուսակիցները Վարդան Ղուկասյանի լուսանկարով տորթ էին բերել դեսպանատան մոտ։ Շատերը բարեմաղթանքներին զուգահեռ կարոտով հիշում էին Ղուկասյանի ուղիղ եթերները և նշում, որ ստիպված վերանայում են նախկին հաղորդումները։