«Անհեթեթություն ու կեղծիք է». Սեֆիլյանը հերքում է «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ Բաբայանի պնդումները

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակում այսօր Քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Հարցաքննության համար, ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի, հիմք է հանդիսացել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ հարցազրույցներից մեկում արած պնդումը, համաձայն որի՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին.

Հարց. - Ճիշտ է՞, որ հոկտեմբերի 27-ին Սեֆիլյան Ժիրայրը Ձեզ զանգել էր ու ասում էր, որ «մորուքը սատկել է, մորուքին սպանել են», ու Դուք հայհոյել եք, և էդ բոլոր գաղտնիքները կագեբեում կան, ու մինչև օրս չեն ասում, հլա դեռ մինչև հիմա ասում են՝ Ձեզ Նաիրի Հունանյանն էր զանգել: Կասե՞ք էդ մասին, ի՞նչ էր տեղի ունեցել:

Բաբայան. - Էն, ինչ որ որ զանգել ա, դա, այո, տենց ա եղել, և փոխանցել, որ «էդ հանցագործները ուզում են, որ Դուք գաք բանակցությունների»: Ես բացատրել եմ, որ «զեկուցեք նախագահի ապարատ, եթե կգտնեն, որ ես պիտի գամ, ուրեմն ես կգամ»: Էդքանը: Իսկ Ձեր ասածը ամբողջովին իրականություն ա:

Հարց. - Բարի: Էն բառերը, ինչ ասեցի, հենց էդպես էլ Սեֆիլյան Ժիրայրը ասել է:

Բաբայան. - Այո:

Բաբայանի այս հարցազրույցից երկու ամիս անց, Սեֆիլյանին վերագրվող այս խոսքերը խորհրդարանում մայիսի 8-ին հնչեցրեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին հարցնելով, թե արդյոք չեն ուզում այս դրվագն ուսումնասիրել:

«Սա շատ կարևոր դրվագ է: Ես գիտեմ, որ նախաքննական մարմինը չի կարողացել այդ ժամանակ գտնի Ժիրայր Սեֆիլյանին և հարցաքննի: Հետագայում դեպքերը այլ ձև զարգացան, և հիմա էս դրվագը, ի՞նչ եք կարծում, չարժի՞, որպեսզի նախաքննական մարմինը անջատված մասով մի հատ բան անի, ուսումնասիրի», - ասաց Քոչարյանը:

«Ես կխնդրեմ Ձեզ՝ եթե որևէ դիտարկում ունեք, «Գաղտնի» նշագրումով ուղարկել, եթե դա բաց աղբյուրում չի զետեղված, և եթե բաց աղբյուրում է զետեղված, և կարծում եք, որ նախաքննության ուշադրությունից վրիպել է, խնդրում եմ պատգամավորական հարցման շրջանակներում գրավոր ուղարկեք», - արձագանքեց Աննա Վարդապետյանը:

«Անպայման կուղարկեմ», - Անդրանիկ Քոչարյանի այս խոստումից չորս օր անց արդեն, Ժիրայր Սեֆիլյանն այսօր հրավիրվեց Քննչական կոմիտե: Այնտեղ հարցաքննվելուց հետո «Ազատությանը» տված հարցազրույցում նա պնդեց՝ իրեն վերագրվող հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իսկ Սամվել Բաբայանն ու Անդրանիկ Քոչարյանն իրար հետ համագործակցելով փորձում են իրեն սևացնել:

«Այստեղ Քոչարյանը Անդրանիկը նույնիսկ տեղյակ էլ չէր, որ 25 տարի առաջ ես հարցաքննվել եմ: Այսինքն, տնային աշխատանքը Քոչարյան կոչեցյալը այդպես էլ չի կատարել, էլի, գոնե տնային աշխատանքը նորմալ կատարեր», - հայտարարեց Սեֆիլյանը՝ շարունակելով. - «Թե ինչու 25 տարի հետո այսպիսի անհեթեթ միտք դնում են շրջանառության մեջ, և այսօր երբ կանչում են հարցաքննության, նաև անտեղ ևս մենք որևէ ապացույցի այդ տեղեկության հետ կապված չնկատեցինք: Եթե այդպիսի բան եղած լիներ, շատ ավելի շուտ կդնեին, չէ՞, շրջանառության մեջ»:

«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր զանգահարել հենց այդ օրը հենց Սամվել Բաբայանին, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամը պատասխանեց. - «Հա դա, այդ ամեն ինչի մանրամասնությունը երբ որ սղագրությունը կամ հարցաքննության բովանդակությունը Ձեր ձեռքը կընկնի, մանրամասն կարող եք հրապարակել: Ես չեմ ուզում այդ մասին, 25 տարի առաջվա իմ տված ցուցմունքների մասին որևէ հիշատակում անել, որովհետև 25 տարի է անցել, առաջ ետ սխալներ չանենք և ավելորդ, այսպես ասած, կոզրեր այս թշնամի համակարգի ձեռքը չտանք»:

«Ազատություն». - Բայց Դուք կարո՞ղ եք հերքել գոնե:

Սեֆիլյան. - Ի՞նչը:

«Ազատություն». - Որ այն բառը, ես չեմ ուզում ուղղակի մեջբերել այն, ինչ որ հրապարակեց...

Սեֆիլյան. - Այո: Ես ասում եմ՝ անհեթեթություն է, կեղծիք է:

Սեֆիլյանի հարցաքննությունը տարիներ առաջ մամուլում հրապարակվել էր

Տարիներ առաջ մամուլում հրապարակվել էր «Հոկտեմբերի 27»-ի գործով Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է Նաիրի Հունանյանը հեռախոսով կապվել իր հետ և ուզել Սամվել Բաբայանի հեռախոսահամարը:

Ապա Հունանյանը Սեֆիլյանին է տվել երկու հեռախոսահամար՝ պահանջելով դրանք փոխանցել Բաբայանին: Երբ Սեֆիլյանը կապվել է Բաբայանի հետ, վերջինս չի չի ցանկացել զանգահարել Հունանյանին: Ինչից հետո արդեն Սեֆիլյանը Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի հորդորով գնացել է Ազգային ժողով՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ:

Ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանն ասել է, որ Սեֆիլյանը կարող է իրենց պետք գալ Նաիրիի Հունանյանի հետ խոսելու, ժամանակ շահելու նպատակով, ինքը էլ սպասել է խորհրդարանում:

Սեֆիլյանը, ըստ մամուլի հրապարակումների, հարցաքննության ժամանակ նաև ասել է, որ Հունանյանի հետ ծանոթացել է 1990-ին՝ որպես դաշնակցականի, իսկ վերջին անգամ տեսել է 1991-ին, նրա հետ մտերմություն չի ունեցել:

Հարցին, թե ինչպե՞ս է իր հեռախոսահամարը հայտնվել Նաիրի Հունանյանի մոտ, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է՝ քանի որ Հունանյանն ահաբեկչությունից հետո փնտրել է Սամվել Բաբայանի հեռախոսահամարը, այդ ժամանակ խորհրդարանում գտնվող պատգամավորներից մեկը՝ Սամվել Ավետիսյանը, ում հետ մտերիմ էր, ինչ-որ համարից զանգել է իրեն ու հեռախոսը փոխանցել Հունանյանին:

Հրապարակված հարցաքննության մեջ Սամվել Բաբայանի վերջին պնդումների մասին որևէ հիշատակում չկա:

«Ազատության» հարցին՝ դատելով այսօրվա հարցաքննությունից, իր կարծիքով, վկայի կարգավիճակով իրեն էլի՞ կարող են հրավիրել, և հնարավո՞ր է, որ վկայի կարգավիճակը փոխվի, Սեֆիլյանն արձագանքեց. - «Չեմ կարծում, որ կարգավիճակ կփոխվի: Եթե նոր կեղծիքներ չդրվեն շրջանառության մեջ, նոր կեղծ հայտարարություններ եթե չլինեն, ես չեմ կարծում, որ նորից ինձ կհրավիրեն»:

Թե արդյոք Սամվել Բաբայանը ևս «Հոկտեմբերի 27»-ի մասով հարցազրույցում արած իր պնդումների առնչությամբ կանչվել է հարցաքննության, առայժմ պարզ չէ: Քննչական կոմիտեից այս հարցի պատասխանը ստանալ չի հաջողվում: