Անկախության հռչակագրի հարցը կորոշի սահմանադրական փոփոխությունների խորհուրդը. արդարադատության նախարար

Նոր Սահմանադրությունում պե՞տք է պահպանվի հղումն Անկախության հռչակագրին, թե՞ ոչ, կորոշի սահմանադրական փոփոխությունների խորհուրդը քվեարկությամբ, «Ազատությանն» այսօր հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նա միաժամանակ հավելեց՝ հարցի վերաբերյալ դեռ որևէ որոշում չկա:

«Քննարկման արդյունքներով կորոշենք», - ասաց նա:

Տևական ժամանակ է՝ արդարադատության նախարարը պնդում է, թե նոր Սահմանադրություն են գրում, բայց հռչակագրի հղումը պահել-չպահելու շուրջ հստակություն չի մտցնում: Մինչ խորհուրդը որոշում կկայացնի, ամիսներ առաջ արդեն իր դիրքորոշումը հայտնել էր վարչապետը, թե նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետի կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին

35 տարի առաջ ընդունված Անկախության հռչակագրի բովանդակությունը, Նիկոլ Փաշինյանի մեկնաբանմամբ, այն մասին է, որ Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել: Իսկ «ցլի և կարմիր շորի» օրինակով հայտնի հարցազրույցում Հայաստանի ղեկավարն, ըստ էության, ասում էր, թե Անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է:

Հայաստանի մայր օրենքում Անկախության հռչակագրին հղումը Բաքուն է պահանջում հանել՝ այնտեղ տարածքային պահանջներ տեսնելով: Մոտ չորս ամիս առաջ համաձայնեցված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր նախապայմանն էլ հենց սա է Ադրբեջանը համարում:

Թե ինչ կորոշի սահմանադրական փոփոխությունների խորհուրդն Անկախության հռչակագրի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ պարզ կդառնա առաջիկայում:

Հարցին՝ համաձա՞յն է վարչապետի հետ, որ նոր Սահմանադրությունում հղումն այդ փաստաթղթին պետք է չլինի, Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Վարչապետը միշտ շեշտադրել է այն հանգամանքը, որ մեր ներքին գործն է որոշել, թե մեր Սահմանադրությունն ինչ տեքստ կունենա, և հետևաբար ես կարծում եմ, որ դա քննարկման առարկա է, և կրկնում եմ՝ դա հարց է, որը պետք է քննարկվի խորհրդի կողմից»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե ՍԴ-ն որոշի՝ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, կնախաձեռնեմ փոփոխություններ». Փաշինյան



Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար այն պետք է հաստատվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդում, որի 11 անդամներից երկուսը արտախորհրդարանական ուժերից են, երեքը՝ քաղհասարակությունից, մյուսները՝ իշխող ուժից կամ պետական կառույցներից։ Խորհրդի անդամներից փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց՝ չի կարծում, թե հռչակագրին հղումը խանգարում է ներքին և արտաքին հարցերին, հետևաբար ինքը դրանից հրաժարվելու իմաստ չի տեսնում: Քաղհասարակության մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Սաքունցը վերահաստատեց՝ դեմ է Անկախության հռչակագրի հղումը հանելուն: Նույնն այսօր ասաց՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Ես դրան դեմ եմ, ես համարում եմ, որ խաղաղության կոնցեպտը և հարևանների նկատմամբ տարածքային պահանջների բացակայության կոնցեպտը Սահմանադրության մեջ պետք է ամրագրել, բայց ոչ Անկախության հռչակագրի հղումը հանելով», - ասաց նա:

Արտախորհրդարանական ուժերից խորհրդում ներգրավված են «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդմաները: Արամ Սարգսյանի առաջնորդած ուժից չհաջողվեց ճշտել նրանց դիրքորոշումը: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ոչ միայն դեմ է, այլև պնդում է, թե Բաքվի պահանջով է Հայաստանի իշխանությունը Սահմանադրություն փոխում: Խորհրդարանական ընդդիմությունը խորհրդի աշխատանքները բոյկոտել է:

Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց անցել է ութ ամիս, բայց խորհրդի որևէ նիստ չի գումարվել: Նա, սակայն, վստահեցրեց, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում նիստ հրավիրվելու է:

Նախարարն այսօր չմանրամասնեց՝ նոր Սահմանադրության տեքստի քանի տոկոսն է պատրաստ, ինչ առանցքային փոփոխություններ են նախատեսվում:

Նոր Սահմանադրություն ունենալու վարչապետի գլխավոր բացատրությունն այժմ այն է, որ նախորդները լեգիտիմ չեն եղել: