Կառավարության որոշմամբ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաև այլ տեղեկություններ, բացառությամբ սահմանահատման վերաբերյալ:
Գործադիրն այս որոշումն ընդունել է սեպտեմբերի 11-ին: Այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցում ներկայացրել է որոշման հիմնավորումները՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։
Նա ֆեյսբուքյան էջում տեղադրել է որոշմամբ սահմանված կնիքների նոր ձևերը, ինչպես նաև իր անձնագրի մեջ առկա տարբեր երկրների կնիքները՝ նշելով, որ աշխարհի շատ երկրներում ևս կնիքների վրա միայն սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունն է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, քննադատելով այս որոշումը, հայտարարել է, որ, «այն, ինչ արվում է մեր կառավարության կողմից, որևէ կապ չունի Թուրքիայի նկատմամբ Հայաստանի չեղած տարածքային պահանջների հետ»։
«Այս ամենը պարզապես մեր պետության ինքնության խմբագրման գործընթացի մի մասն է»,-գրել է Մարուքյանը:
Որոշմամբ առաջարկվում է նաև փոքրացնել ամսաթիվ/կնիքների չափերը:
Սեպտեմբերի 12-ին Երևանում էր հայ-թուրքական կարգավորման հարցերով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը: Նա առաջին անգամ էր բանակցությունների համար ժամանել Հայաստան: Փակ սահմաններով երկու երկրները մի քանի տարի է՝ նախաձեռնել են կարգավորման գործընթաց:
Նախորդ տարի Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը ի թիվս այլ քայլերի, պետք է հրաժարվի ազգային խորհրդանիշներում Արարատ լեռը պատկերելուց։