Աշխատող քաղաքացիները տարեկան 129 հազար 600, ամսական 10 հազար 800 դրամ կվճարեն առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է՝ համակարգը կգործի 2026-ից, թե կոնկրետ երբ, դեռ հստակ չէ: Բայց հստակ է, թե հաջորդ տարի մեկնարկող ծրագրի առաջին փուլում, որ խմբերը կներառվեն:
«Մինչև 18 տարեկան երեխաներն են, 65 տարին լրացած քաղաքացիները ևս 2026 թվականին կներառվեն ապահովագրության համակարգում: Հաջորդիվ՝ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները և անապահովության բալլ ունեցող քաղաքացիները՝ 28 և ավել, որը ևս փոփոխման մեջ է այս համակարգը: Էստեղ էլ ուզում եմ նշել, որ գնահատման ձևաչափերը փոխվում են», -հայտարարեց նախարարը այսօր ասուլիսի ժամանակ:
Մեկնարկային փուլում ապահովագրությունից կօգտվեն նաև ամսական 200 հազար դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները: Ավանեսյանի խոսքով՝ այս շուրջ 190 հազար աշխատողից բաղկացած խումբը ներառվել է հենց նրանց մեծ մասի պահանջով։
Ընդհանուր առմամբ, առաջին փուլում ապահովագրական փաթեթ կունենա 1 միլիոն 600 հազար ՀՀ քաղաքացի: Իսկ ի՞նչ ծառայություններ են ներառվելու փաթեթում. - «Կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանը ուղղված սքրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ: Չափազանց սկզբունքային հարց է եղել, որ մենք ոչ թե ասենք՝ ապահովագրությունը փակում է ամեն ինչ, բացի սրանից բացի նրանից, հստակ ծառայությունները ամրագրված են լինելու, և ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այդ ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվո՞ւմ է, թե՞ ոչ», - ասաց Ավանեսյանը:
Առաջին փուլում չեն ընդգրկվի մինչև 200 հազար դրամ եկամուտ ունեցող քաղաքացիները, սա, նախարարության տվալներով, աշխատող քաղաքացիների շուրջ 40 տոկոսն է կազմում:
Նախարարն ասում է՝ իրենց հաշվարկներով՝ մինչև 2029 թվականը բնակչության ավելի քան 80 տոկոսը պետք է ունենա ապահովագրության փաթեթ: