Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հերթական ժամկետը հնչեց՝ 2026-ի հունվարի 1-ից

Արխիվային լուսանկար

Արդեն երրորդ անգամ է ժամկետ հնչում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին: Այս անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կուսակցության երեկվա նիստից հետո հույս հայտնեց, որ չորս ամիս անց այն կգործի:

«Հուսով եմ, որ այնուամենայնիվ ի վերջո էս տարի կունենանք նաև պարտադիր բժշկական ապահովագրությունը», - հայտարարեց Պապոյանը:

Իշխանության գլխավոր խոստումներից մեկն էր ապահովագրության գործարկումը, 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ նույն խոստումը նորից է հնչում:

«Հունվարի 1-ից մեր քաղաքացիները էդ պրոդուկտից էլ կօգտվեն, և բնակչության մի շատ շատ մեծ հատված, ըստ էության, անվճար կօգտվի», - ասաց էկոնոմիկայի նախարարը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսպիսի մի քանի ժամկետներ է նշել, բայց համակարգն այդպես էլ չի գործարկվել: Վերջին երկու տարիներին կարծես Առողջապահության նախարարությանը չի հաջողվում Ֆինանսների նախարարությանը համոզել, որ գումար տան: Նախորդ տարի ֆինանսների նախարարն ասել էր՝ համակարգի սահուն ներդրման համար ոլորտի բարեփոխումների, թվային համակարգերի, ռիսկերի կառավարման, հիվանդանոցային կարողությունների ուղղությամբ արված աշխատանքները բավարար չեն եղել, այդ պատճառով ապահովագրության ներդրումը 2025-ին կրկին հետաձգվեց:

Կառավարությունը 2023-ին էր հաստատել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը: Հայտարարվել էր, որ 2023-ը կլինի նախապատրաստական տարի, իսկ 2024-ի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործի պետպատվերի շահառուների համար:

«2024 թվականի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործարկվի այն շահառուների համար, ովքեր այսօր պետական պատվերի շահառու են հանդիսանում», - հայտարարել էր Անահիտ Ավանեսյանը:

Այնուհետև Կառավարությունը նախնական համաձայնություն էր տվել 2025-ին համակարգի ներդրման համար 218 միլիարդ դրամ հատկացնել, բայց հետո այս գումարը գրեթե 60 միլիարդով կրճատել էր: 2025-ի բյուջեում, այդուհանդերձ, այդպես էլ ծրագիրը չընդգրկվեց:

«Առողջապահության ապահովագրության հետ կապված ծախսերը ներգրավված չեն 25 թվականի բյուջեում: Միջոցներ պլանավորված չեն», - հայտարարել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Նախագիծը էդպես ենք կազմել, որպեսզի մեկնարկը տրվի 2025 թվականին, սակայն քննարկումները և բյուջետային հնարավորությունները, այո, որոշակի հետաձգում մեզ ստիպեցին իրականացնել», - իր հերթին, ասել էր առողջապահության նախարարը:

Ֆինանսների նախարարությունից այսօր «Ազատություն»-ը ճշտեց՝ արդեն կա՞ գումար, որ հունվարից համակարգը սկսի գործել: Փոխանցեցին՝ բյուջետային քննարկումները դեռ ընթացքի մեջ են, երբ բյուջեի նախագիծը վերջնական պատրաստ լինի, հարցի պատասխանը կկարողանան հստակեցնել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրերս Factor TV-ի եթերում այդպես էլ ուղիղ չպատասխանեց՝ Ֆինանսների նախարարությունը 2026-ի համար գումար կհատկացնի՞, որ համակարգը սկսի գործել, երկու գերատեսչությունները համաձայնության եկա՞ն:

«Մեր գործն էլ իրենց հակառակում համոզելն է և առաջնահերթությունները ճիշտ դնել: Երբեք ավելորդ փող չի լինում, առողջապահության համար ավելորդ փող չի լինում: Բայց առաջնահերթությունները Կառավարության ծրագրով սահմանված են, և կարծում ենք, որ նախանշված բարեփոխումը մենք պետք է մեկնարկը տանք 2026 թվականին: Բայց սա չի նշանակում, որ մենք այս ընթացքում բարեփոխման առանձին հատվածներ չենք սկսել իրականացնել», - ասաց առողջապահության նախարարը:

Ըստ մինչև այս արված պաշտոնական հայտարարությունների՝ պետությունը մտադիր է սուբսիդավորել տարեկան 300 հազար դրամից քիչ եկամուտ ունեցողների ապահովագրավճարի 30-40 տոկոսը, իսկ աշխատող քաղաքացիներն ամսական մոտ 13 հազար 700 դրամ կվճարեն, տարեկան՝ 164 հազար:

Պետական առողջապահական գործակալությունն է Կառավարության հատկացրած գումարն ըստ տողերի ուղղում առողջապահական համակարգին:
Դեռ 1998-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ ստեղծված այս գործակալությունը նախատեսված էր որպես նախաապահովագրական մոդել, որը հետագայում պետք է վերածվեր լիարժեք ապահովագրական կազմակերպության։ Գործակալության նախկին ղեկավար, այժմ «Անկախ փորձագետ» հասարակական կազմակերպության նախագահ Ծաղիկ Վարդանյանը նկատում է՝ ծրագիրը 27 տարիների ընթացքում իրականություն չդարձավ հիմնականում քաղաքական կամքի բացակայության պատճառով:

«Դեռևս չունենք ապահովագրություն, նույնիսկ անհաջող փորձ չի արվել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Վարդանյանը:

Փորձագետը միշտ է կարևորել այս ծրագրի իրագործումը, բայց հատկապես պոլիկլինիկական համակարգն, ասաց, պատրաստ չէ այդ բեռի տակ մտնել: Մարդը նախ պետք է գնա պոլիկլինիկա, այնտեղից ըստ անհրաժեշտության ուղեգրվի հիվանդանոց, այսինքն՝ ծանրաբեռնվածությունն ընկնելու է հենց այս օղակի վրա։

«Ժամանակ կորցրեց Առողջապահության նախարարությունը և լուրջ օպտիմալացում չիրականացրեց առաջնային օղակում: Մենք ուզենք, թե չուզենք՝ մեր քաղաքացին նախընտրում է հենց հատկապես նեղ մասնագետներին՝ հիվանդանոցում աշխատող: Պետք էր փոխվել, ընդամենը միայն հավաքագրող բժիշկները լինեին թերապևտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ՝ առանձին օֆիսներում, էս մեծ պոլիկլինիկաները մի հատ պետք է հասկանալ՝ պե՞տք են, թե՞ չէ ընդհանրապես, իսկ նեղ մասնագիտական ներուժը պետք է օգտագործեինք հիվանդանոցի: Հիմա մենք ոնց Սովետմիությունում կար համարյա, սխեման բերում մտցնում ենք ապահովագրական ծառայություն: Ինչքանով դա կենսունակ կլինի՝ կյանքը ցույց կտա, բայց, իմ կարծիքով, ռիսկային է», - նշեց Ծաղիկ Վարդանյանը:

Փորձագետն ասում է՝ դեռ հստակ ցանկ էլ չկա, թե որ հիվանդության բուժման համար որքան գումար է հատկացվելու, իր համար դեռ պարզ չէ, թե որակի վերահսկումն ինչպես է իրականացվելու, ծառայությունների արդյունավետության գնահատման գործիքակազմ չկա, և այլն. - «Ոչ ապահովագրական հիմնադրամն է ձևավորվել, իսկ ձևավորելը դա մեկ օրվա բան չէ: Բացի հայեցակարգային փաստաթղթից, որտեղ որոշակի բաներ կան, բոլոր հարցերը պետք է օրենքից բխեն՝ առողջապահության ապահովագրության մասին օրենքը հաստատված չէ»:

Վարդանյանը կարծում է՝ 2026-ին, լավագույն դեպքում, համակարգը ոչ թե ամբողջությամբ կգործարկվի, այլ կսկսվի իրական գործարկման մեկնարկը՝ փուլային տրամաբանությամբ։

Առողջապահության նախարարը, մինչդեռ, թվարկում է, թե ինչպես են պատրաստվում համակարգի ներդրմանը: Այս ընթացքում, ըստ Անահիտ Ավանեսյանի, պոլիկլինիկաներ ու հիվանդանոցներ են կառուցվել, հիմնանորոգվել և միավորվել, նախարարության ենթակայությանն են անցել մարզային հիվանդանոցները, բուժաշխատողները շարունակում են վերապատրաստվել, բժիշկները կլիցենզավորվեն, և այլն: Ավանեսյանն ասում է՝ սա առողջության համապարփակ ապահովագրության համակարգը հնարավորինս սահուն ներդնելու համար է արվում: Նախարարը վստահեցնում է՝ Կառավարությունը բնակչության առողջությունը որպես առաջնահերթություն է դիտարկում, դրա օրինակը նա համարում է այն, որ առողջապահական բյուջեն 2018-ից ի վեր կրկնապատկվել է՝ հասնելով 167 միլիարդ դրամի: