Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար

Նախօրեին Նոր Նորքի թաղապետարանում ծեծված ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297 -րդ հոդվածի 2 -րդ մասի 1 -ին և 3 -րդ կետերով (խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), հայտնում է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։

Չախոյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. - «Նոր Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն կատարելու համար»։

Ընդգծելով, թե «իրավական ֆարսը շարունակվում է», Եփրիկյանը նշել է. - «Ակնհայտ հանցագործության համար անձինք ոչ կանչվել են, ոչ վերջիններիս հետ կոնկրետ քննչական ֊ դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է»։

Ակտիվիստ Արթուր Չախոյանին նախօրեին Նոր Նորքի ոստիկանությունից շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց: Նրա դեմքին տեսանելի էին վնասվածքները, որ ստացել էր Նոր Նորքի թաղապետարանում, երբ գնացել էր մասնակցելու հանրային քննարկման: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և մի քանի այլ անձինք հարվածել էին ակտիվիստին: Ինչպես երևում էր լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում, մինչ քննարկումը վիճաբանություն է սկսվում, Չախոյանի նկատմամբ բռնություն է գործադրվում:

Միջադեպի գործով երեկ 6 անձ, այդ թվում՝ Չախոյանը ձերբակալվել էր, որոշ ժամանակ անց Արթուր Չախոյանն ազատ էր արձակվել: Ըստ «Ազատության» տեղեկությունների՝ Նոր Նորքի թաղապետը ձերբակալվածների թվում չէր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վեճ, ծեծ Երևանի Նոր Նորքի թաղապետարանում՝ թաղապետի մասնակցությամբ


Մանրամասները տե՛ս այստեղ