Արթուր Չախոյանին ոստիկանությունից տեղափոխեցին հիվանդանոց

Արխիվ

Ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորքի ոստիկանությունից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Նա լրագրողներին հասցրեց միայն փոխանցել, որ ձերբակալվածի կարգավիճակ ունի:

Նրա դեմքին տեսանելի էին վնասվածքները, որ այսօր ստացել էր Նոր Նորքի թաղապետարանում, երբ գնացել էր մասնակցելու հանրային քննարկման:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և մի քանի այլ անձինք հարվածել էին ակտիվիստին:

Ինչպես երևում է լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում, մինչ քննարկումը վիճաբանություն է սկսվում, Չախոյանի նկատմամբ բռնություն է գործադրվում:

ՆԳՆ-ից «Ազատությանը» փոխանցել են, որ ոստիկանության օպերատիվ արձագանքնման խմբերը տեսանյութի հրապարակումից հետո մեկնել են թաղապետարան: Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանություն՝ հաղորդում տալու:

Երևանի քաղաքապետարանից մեկնաբանելով միջադեպը՝ նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։

«Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում», - փոխանցել են քաղաքապետարանից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծեծ ու վիճաբանություն Երևանի Նոր Նորքի թաղապետարանում