Արցախի ԱԺ-ն կդիմի Շվեյցարիայի կառավարությանը վերադարձի հարցով

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը դուրս են գալիս Արցախից, 25-ը սեպտեմբերի, 2023թ․

Արցախի Ազգային ժողովը պատրաստվում է դիմել Շվեյցարիայի կառավարությանը՝ միջնորդություն ստանձնելու և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու նպատակով:

Հայտարարությունը, որ այսօր տարածվել է Արցախի օրենսդիրների անունից, նախորդում է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում հաջորդ շաբաթ սպասվող քննարկումներին: Օրակարգում լինելու են միջազգային վերահսկողությամբ կամ միջազգային հիմնական խաղացողների երաշիքներով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսության հաստատման, ինչպես նաև հայերի ապահով վերադարձի հարցերը:

Արցախի խորհրդարանի ներկայացուցիչները նախ ակնկալում են, որ քննարկումների արդյունքում բանաձև ընդունվի, հետո արդեն Շվեյցարիայի կառավարությունը կոնկրետ քայլերի դիմի:

«Եթե պառլամետը նման որոշում է կայացնում, ապա հերթական քայլը դա պետք է լինի, որ պետք է միջազգային քննարկում նախաձեռնվի, որովհետև հենց որոշման հիմքում դա է դրված, որ միջազգային քննարկում նախաձեռնվի ու արցախահայության հավաքական վերադարձի հետ կապված հարցերին անդրադարձ լինի: Բնականաբար, ինչպես ասում են, մեր թիրախը դա է, մեր նպատակակետը դա է», - ասաց Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Բալայանը:

Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի հարցը միջազգային քննարկման առարկա դարձնելու համար ամիսներ առաջ բանաձև է ընդունել և Շվեյցարիայի կառավարությանն է դիմել այդ երկրի խորհրդարանի ստորին պալատը, բայց մինչ օրս այդ ուղղությամբ տեսանելի քայլեր չկան: Եթե ևս մի բանաձև էլ ընդունվի հաջորդ շաբաթ՝ արդեն վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում, արցախցիները հույս ունեն, որ Շվեյցարիայի կառավարությունն արդեն կզբաղվի խնդրով:

Հայաստանի կառավարության օրակարգում արցախցիների վերադարձի հարցը չկա: Այս պայմաններում եթե անգամ միջազգային հարթակներում քննարկումներ ծավալվեն, ովքե՞ր են ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Վահրամ Բալայանն ասաց՝ Արցախի ընտրված իշխանությունը:

«Դա ավելի բարդ ճանապարհ է, իսկ ավելի կարճ ճանապարհը հենց Հայաստանի Հանրապետության միջոցով դա իրականացնելն է: Բարդ ճանապարհ է, բայց անհնարին ոչինչ չի լինում, եթե որոշակի աշխատանք լինում է», - նշեց Բալայանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շվեյցարիայում քննարկում են ԼՂ հայերի վերադարձի թեմայով խաղաղության համաժողով կազմակերպելու հարցը

2018 թվականից հետո իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոփոխվող մոտեցումներով են հանդես եկել, 2023 թվականի ադրբեջանական հարձակումից և Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողությունից հետո, Հայաստանի կառավարությունը, որպես առաջնահերթություն, խոսում է միայն Ղարաբաղի ժողովրդի հումանիտար խնդիրներից:

Իսկ թե ինչո՞ւ արցախցիների վերադարձի հարցը ոչ մի հարթակում չեն բարձրացնում, իշխանության ներկայացուցիչները նույն պատասխանն են տալիս. - «Դա իրատեսական չէ, չկա դրա հնարավորությունը»:

Հայաստանյան ընդդիմադիր դաշտում կարծում են՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հնարավորություն կարող է ընձեռել միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Մոտ մեկ ամիս առաջ ունեցած ասուլիսում այդ մասին խոսեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե հավանականությունը փոքր է, բայց միակ ճանապարհը դա է: Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ արցախցիների համար ընդունելի է, որ իրենց հավաքական վերադարձի հարցը թեկուզ այդ ձևաչափով, բայց քննարկվի:

«Ես, կարծում եմ, որ՝ այո, կարելի է նաև այդ թեմայի շուրջ խոսել: Այսինքն՝ պետք է թեմաներ լինեն, որոնց շուրջ պետք է խոսակցություն բացվի ու արդեն խոսակցության պարագայում դա շարունակություն կունենա: Այդպիսի թեմաներից մեկը հենց նոյեմբերի 9-ի, 10-ի.... չնայած շահավետ որոշում չէր, բայց, ցավոք սրտի, հասել ենք մի այնպիսի հանգրվանի, որ այնտեղ շատ կետեր կան, որ կարելի է բռնել ու մեր շահը սպասարկել», - ասաց Բալայանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ արցախահայերի վերադարձի մասին խոսելը բացի իրատեսական չլինելուց նաև հակասում է Հայաստանի պետական շահերին:

Վահրամ Բալայանի կարծիքով՝ Արցախի թեման շրջանցելով Հայաստանի իշխանությունը չի հասնի նրան, որ Ադրբեջանը բանակցություններում դադարի նորանոր պահանջներ ներկայացնել: