600 ԱԹՍ, տասնյակ թևավոր ու բալիստիկ հրթիռներով ռուսական հարվածներ Ուկրաինային. կա 10-ից ավելի զոհ

Կիև, Ուկրաինա, 28-ը օգոստոսի, 2025թ.

Գիշերը ռուսական ուժերի զանգվածային հարվածների հետևանքով Ուկրաինայում առնվազն 15 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա է զոհվել, մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ՝ վիրավորվել: Հարվածների հետևանքով Կիևում վնասվել են բնակելի շենքեր, Եվրամիության առաքելության, «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության գրասենյակները:

Կիևում որոնողական ու փրկարարական աշխատանքներ են:

Մայրաքաղաքում «Ազատության» «Настоящее время» հեռուստաալիքի թղթակիցը տեղում զրուցել է իրենց հարազատներին փնտրող մարդկանց հետ:

«Մենք չենք կարողանում գտնել նրան: Փրկարարները մեր շենքում են աշխատում, չգիտենք՝ որտեղ է նա: Անընդհատ զանգում ենք, բայց չի պատասխանում», - պատմել է բնակիչներից մեկը:

Ուկրաինայի ռազմական աղբյուրների համաձայն՝ անցած գիշեր ռուսական ուժերը շուրջ 600 անօդաչու թռչող սարք, տասնյակ թևավոր ու բալիստիկ հրթիռներ ու այլ սպառազինություն են կիրառել։

«Նա ոչ թե միայն Դոնեցկը, Լուգանսկն ու Ղրիմն է ուզում, այլ ամբողջ երկիրը». Կլիչկո

Հարվածների հետևանքներին տեղում ծանոթացած Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պնդում է՝ արդեն 3.5 տարի շարունակվող սարսափի պատասխանատուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է:

«Նա ոչ թե միայն Դոնեցկը, Լուգանսկն ու Ղրիմն է ուզում, այլ ամբողջ երկիրը: Նա քաղաքներ է ոչնչացնում ու սպանում մարդկանց: Նա միայն ուժի լեզուն է հասկանում: Մենք՝ ուկրաինացիներս, պետք է ուժեղ լինենք: Մեր ուժը մեր միասնությունն է մեր եվրոպացի գործընկերների ու Միացյալ Նահանգների հետ: Միասին կարող ենք դիմակայել այս ներխուժմանը: Սա նշանակում է ժամանակակից զենքեր, խիստ պատժամիջոցներ ու միջազգային հանրության ճնշում այս սարսափին վերջ տալու համար», - ասել է նա:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ այս հարվածները հստակ ցույց են տալիս, որ Մոսկվան ցանկություն չունի ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բանակցությունների սեղանը փոխարինել է բալիստիկ հրթիռներով. «Ռուսաստանը նախընտրում է սպանել մարդկանց պատերազմը դադարեցնելու փոխարեն, իսկ դա նշանակում է՝ առայժմ չի վախենում հետևանքներից»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտնել է Ազովի ծովում ռուսական հրթիռային նավի խոցման մասին

Հարվածները հաջող են, թիրախները ոչնչացվում են. Պեսկով

Չնայած ուկրաինական քաղաքներում ավերածություններին ու խաղաղ բնակչության շրջանում զոհերին, ռուսական կողմը պնդել է, թե զանգվածային հարվածների թիրախը Ուկրաինայի ռազմաարդյունաբերական օբյեկտներն ու ռազմական ավիաբազաներն են եղել։

Մինչ Կիևում զանգվածային հարվածներից սարսափած բնակիչները փորձում են իրենց հարազատներին գտնել, Մոսկվայում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ «հարվածները հաջող են, թիրախները ոչնչացվում են»:

«Հատուկ ռազմական գործողությունը» (այդպես է Մոկսվան անվանում պատերազմն Ուկրաինայում-խմբ.) շարունակվում է: Դուք տեսնում եք՝ Կիևի ռեժիմի կողմից շարունակվում են նաև ռուսական քաղաքացիական ենթակառուցվածնքերի վրա հարվածները: Ռուսաստանի զինված ուժերն իրենց առաջադրանքն են կատարում, ինչպես հայտարարվել է, շարունակում են հարվածել ռազմական օբյեկտներին»:

Մի գիշերում Կիևում առնվազն 15 մարդու սպանած երկրի ներկայացուցիչը հավելել է՝ Ռուսաստանը շարունակում է հետաքրքրված մնալ բանակցային գործընթացով՝ իր նպատակներին քաղաքական և դիվանագիտական եղանակով հասնելու համար. «Այն ամենը, ինչը կարող է քննարկվել, կարգավորման ուղին փնտրելու շրջանակում, պետք է քննարկվի հատ առ հատ»:

Արևմտյան առաջնորդները խստորեն դատապարտում են

Արևմտյան առաջնորդները խստորեն դատապարտել են զանգվածային հարձակումը՝ սա խաղաղության մասին Ռուսաստանի պատկերացումն է: «Ահաբեկչություն և բարբարոսություն», X-ի էր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Ֆրանսիան ամենախիստ ձևով դատապարտում է այս անիմաստ ու դաժան հարձակումները: Անվերապահ աջակցություն եմ հայտնում ուկրաինացի ժողովրդին և խորապես ցավակցում բոլոր սգացող ընտանիքներին», - հավելել է նա:

Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ու Վլադիմիր Պուտինին կոչ արել միանալ «արդար և երկարատև խաղաղության համար բանակցություններին»:

«Սա նաև հարձակում էր Եվրամիության առաքելության վրա, - գրել է Ֆոն դեր Լայենը, - Քիչ առաջ խոսեցի մեր փոխդեսպանի հետ և թեթևացած եմ, որ մեր աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել»։

Ռուսական հարձակմանը, որից տուժել է նաև «Ազատություն» ռ/կ ուկրաինական ծառայության գրասենյակը, անդրադարձել է նաև ռադիոկայանի նախագահը: Բարեբախտաբար, աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, հայտարարել է Սթիվեն Կապուսը։

«Վստահ եղեք, մեր լրագրողները կշարունակեն իրենց կարևոր աշխատանքը։ Մեր մտքերը այս հարձակումների հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքների, ուկրաինացի փրկարարների հետ են»,- ընդգծել է ռադիոկայանի նախագահը: