«Այդ հնարավորությունը հավերժ չի լինելու»․ Բաքվից կոչ են անում արագացնել համաձայնագրի ստորագրումը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով, արխիվ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կոչ է արել Երևանին՝ արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով՝ «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու», իսկ այն բաց թողնելը, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «սխալ կլինի»։

«Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ այս ամիս ավարտված բանակցությունները ճանապարհ են հարթում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար։ Սակայն այն իրագործելու համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից և դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից», - ասել է Ամիրբեկովը՝ հավելելով՝ «չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, երկրների միջև լարվածությունը պահպանվում է»։

Նա ասել է, թե «համաձայնագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը» և որ «խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։

Երևանը հերքում է մեղադրանքներն ու հայտարարում՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Այս պահին, այո՛, չկա ըմբռնում՝ որտեղ և երբ պետք է ստորագրվի պայմանագիրը»․ Միրզոյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով»․ Միրզոյան