«Այսօր կապ կհաստատենք ՌԴ-ի հետ Սաուդյան Արաբիայում ձեռք բերված համաձայնության հարցով». Ռուբիո

«Այսօր կապ կհաստատենք Ռուսաստանի հետ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ ձեռք բերված համաձայնության հարցով», - Սաուդյան Արաբիայից վերադառնալու ճանապարհին, իռլանդական Շենոնի օդանավակայանում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

BBC-ի փոխանցմամաբ՝ նա ընդգծել է, որ ռուսական դիրքորոշումը պարզ կդառնա առաջիկա օրերին, և մերժումը ուժգին ազդակ կլինի։

«Մենք պատրաստվում ենք ռուսական կողմին ուղիղ ասել, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները և անհապաղ սկսել պատերազմի դադարեցման բանակցությունները, ու կտեսնենք, թե ինչ արձագանք կա, եթե ասեն՝ այո, ուրեմն խաղաղության իրական հնարավորություն կա», - լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ըստ Ռուբիոյի՝ եթե արձագանքը «ոչ» լինի՝ «դա շատ բան կասի նրանց ծրագրերի ու նպատակների մասին»։

Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում տեղի ունեցած բանակցություններում Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Կրեմլի խոսնակն էլ ասել է, որ ոչինչ մեկնաբանել չեն կարող, քանի դեռ ԱՄՆ-ից չեն ստացել մանրամասն տեղեկատվություն Ջիդդայում անցկացված բանակցությունների վերաբերյալ։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլն առայժմ չի մեկնաբանում 30-օրյա հրադադարի վերաբերյալ առաջարկը, ԱՄՆ-ից «մանրամասներ դեռ չի ստացել»