Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով միակ կին մեղադրյալը կմնա կալանքի տակ

Լիդիա Մանթաշյանը դատարանում, Երևան, 20-ը օգոստոսի, 2025թ.

Ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հոդվածներով միակ կին մեղադրյալը կշարունակի մնալ բանտում: Չնայած ընդդիմադիր հինգ կին պատգամավորների երաշխավորությանն ու 2 միլիոն դրամ գրավի առաջարկին, դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր բավարարեց դատախազի միջնորդությունն ու երեք ամսով երկարաձգեց Լիդյա Մանթաշյանի կալանքը:

«Խափանման միջոցի հիմքերը, այսինքն՝ խոչընդոտելու, հանցանք կատարելու և, նվազ թեպետ, փախուստի դիմելու հիմքերը չեն վերացել, առնվազն չեն նվազել, և տվյալ դեպքում դատարանը գտնում է, որ սույն քրեական վարույթի տվյալ փուլում այլընտրանքային խափանման միջոցները ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը», - հայտարարեց դատավորը:

Մինչև օգոստոսի 25-ը ժամանակ կա անդրադառնալու խափանման միջոցների հարցին՝ դա օրենքի պահանջն է: 18 մեղադրյալից միայն երկուսն են ազատության մեջ՝ տնային կալանքի տակ, մյուսները, այդ թվում՝ անցած տարի վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի ելած Տավուշի թեմի նախկին առաջնորդը, կալանավորված են:

Լիդյա Մանթաշյանը պնդեց՝ ոչ ինքը, ոչ էլ համախոհները որևէ հանցագործություն չեն կատարել. - «Չեմ ընդունում մեղադրանքը ամբողջությամբ, ես ահաբեկչական որևէ գործողություն չեմ պլանավորել, ինչպես նաև էստեղ ներկա մնացած մեղադրյալները»:

Մինչդեռ դատախազները հակառակ տեսակետն ունեն, այսօր էլ դատարանում հայտարարեցին՝ իրենց հավաքած ապացույցները բավարար են:

Դատախազ Վահան Հարությունյանը դեմ էր, որ Լիդյա Մանթաշյան ազատ արձակվի կալանքից: Պնդեց՝ այս փուլում դեռ կան ռիսկեր, երիտասարդ կինը ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը, կթաքնվի իրավապահներից, կազդի գործով անցնողների վրա:

Փաստաբան Տաթև Սողոյանը հակադարձեց՝ հենց դատախազներն են պնդում, որ ապացույցները հավաքված են ու բավարար, այդ դեպքում ինչպե՞ս կարող է Մանթաշյանը ազդել գործի քննության վրա:

Փաստաբանն, անդրադառնալով նաև պաշտպանյալի մեղադրանքին, հայտարարեց՝ բոլորին նույն հանցավոր գործողություններն են վերագրում, մեղադրանքը տարբերակված չէ, բացատրված չէ, թե ով ինչ է արել ու որ ապացույցն է նրա մեղադրանքին առնչվում:

«Էս նույն տեքստը [...] բոլորինը նույնն է: Սա չի կարող համարվել պատշաճ մեղադրանք, որովհետև, ես ուզում եմ հասկանամ՝ էս բոլոր գործողություններն էլ Մանթաշյանը կատարել է՞, մեղադրական կողմի համար տարբերակում չկա՞, թե, օրինակ, ընդհանրապես, էլի, ինչքան տեսել ենք ահաբեկչական գործողություններում, էնտեղ որոշակի դերաբաշխում է լինում, ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ են անում», - ընդգծեց Սողոյանը:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու նրա 17 համախոհները այս քրեական գործը համարում են շինծու, մինչդեռ իրավապահները՝ ընդհուպ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պնդում են՝ ահաբեկչության ու իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մասին վկայում են նաև առգրավված հրավտանգ նյութերը, զենքերը, երթևեկությունը խաթարող պարագաները: Ավելին՝ ապացույցները, այդ թվում՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցների հեռախոսային գաղտնալսումները, վկայում են այն մասին, որ նրանք հենց ահաբեկչություն էին պլանավորում՝ հասնելով ընդհուպ վարչապետին:

Մեկուկես ամսվա նախաքննությունից հետո դատարան ուղարկված գործի քննությունը երեկ է սկսվել: Այսօրվա դատական նիստի սկզբում շատ կարճ քննարկվեց նաև դատավոր Կարեն Ֆարխոյանին բացարկ ներկայացնելու հարցը:

Դատավոր Կարեն Ֆարխոյանը դատական նիստի ժամանակ, Երևան, 20-ը օգոստոսի, 2025թ.

Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, սակայն, նշեց՝ դեռևս չեն ներկայացնի բացարկ, քանի որ դիմում են ներկայացնելու Դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե ինչպես է գործը մակագրվել հենց այս դատավորին: Այս նույն դատավորն ավելի վաղ կալանավորել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին:

Փաստաբաններից Մկրտիչ Դավթյանն այսօր առաջարկեց գործից հեռացնել դատախազներին, պնդեց՝ նրանք պաշտպանում են մի մեղադրանք, որը հիմնված է մոնտաժված, կեղծ ձայնագրությունների վրա:

«Ակնհայտ է, որ մեզ տրամադրված՝ օպերատիվ տվյալներով կատարված գաղտնալսման մեջ նման խոսակցություն չի գնում, ինչը ողջամիտ համոզմունք է ձևավորում, որ տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը փոխել է, այսինքն՝ կեղծել է ապացույցը», - ասաց Դավթյանը:

Նախաքննության ավարտին փաստաբանները հայտարարեցին, որ Քննչականի հրապարակած ձայնագրությունները կրճատված են, և ընդհուպ վարչապետին սպանելու մասին հայտարարությունները կեղծ են, մինչդեռ Բագրատ Գալստանյանն ու նրա համախոհները քննարկել են բոլորովին այլ հարցեր:

Հաջորդ դատական նիստը վաղն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մենք ահաբեկիչ չենք». մեկնարկեց Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատըՓաստաբանը շարունակում է պնդել՝ Գալստանյանի մտքերը իրավապահները խեղաթյուրված են ներկայացրելԸնդդիմադիր Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխվել է տնայինի Հայաստանում կալանքը հիմնականում օգտագործվում է որպես ճնշման մեթոդ. իրավապաշտպան