ԱՄՆ քաղաքացի Յուրաս Զյանկովիչը, որ ծնվել և մեծացել է Բելառուսում, ազատ է արձակվել բելառուսական բանտից ավելի քան երեքուկես տարվա կալանքից հետո: Այս մասին ապրիլի 30-ին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում։
Իրավաբան Զյանկովիչը ձերբակալվել էր 2021 թվականի ապրիլին և ավելի ուշ դատապարտվել 11 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում՝ Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարությունը տապալելու դավադրության մեղադրանքով։
Մեղադրանքները հիմնվել են բելառուսական և ռուսական հատուկ ծառայությունների վկայությունների վրա։ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները, այդ թվում՝ «Վյասնա»-ն, Զյանկովիչին ճանաչել էին որպես քաղբանտարկյալ։
Այս տարվա սկզբին Զյանկովիչը ելույթ ունեցավ պետական հեռուստատեսությամբ՝ օգնություն խնդրելով ԱՄՆ առաջնորդներից: Զյանկովիչի ազատ արձակումը տեղի է ունենում Բելառուսում շարունակվող ճնշումների պարագայում: