Բողոքի ակցիա՝ Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց

Մի խումբ կոնյակագործներ և բեռնափոխադրողներ հավաքվել են ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց և հանդիպում են պահանջում դեսպանի հետ: Հարցնում են՝ ինչո՞ւ է ՌԴ կամ մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքները, հիմնականում՝ կոնյակը, տարանցիկ երկրում՝ Վրաստանում ստուգումների ենթարկվում:

Ակցիայի մասնակիցներն ասում են՝ իրենց խմիչքը Վրաստանում չի վաճառվելու, բեռնատարներն օրերով կամ շաբաթներով պահելու, խմիչքը փորձաքննության ենթարկելու իմաստը ո՞րն է:

Դեսպանատան ներկայացուցիչը դուրս եկավ, խնդրեց ցուցակ ներկայացնել, թե որ ընկերություններն են դեսպանության առաջ հավաքվել: Ներկայացուցիչը, որ չներկայացավ, նշեց՝ դեսպանը ներսում է, ցուցակը կտրամադրեն, կհասկանան անելիքները:

«Եթե այսպես շարունակվի, մեր աշխատողներին չենք կարող վարձատրել: Բեռնափոխադրող ընկերություններին էլ այնտեղ կանգնելու համար, 1 օրվա դիմաց նվազագույնը 100 դոլար ենք վճարում: Ընկերություններին, որոնց հետ պայմանագրեր ենք կնքել, որ մեր խմիչքը հասցնենք իրենց վաճառասեղաններին, ապրանքի 100 տոկոսի չափով տուգանք պետք է վճարենք, եթե պայմանագրի ժսմկետն անցնի, մեր ապրանքը հետ բերելն էլ ա անիմաստ է, բերենք որտե՞ղ վաճառենք: Կփակվենք, բանկրոտ կլինենք»,- ասաց «Շահնազարյան գինու և կոնյակի Տուն»-ի տնօրեն Հայկ Շահնազարյանը:

Նա նշեց՝ 2 շաբաթ առաջ են դիմել Էկոնոմիկայի նախարարություն, բայց ալկոհոլային խմիչքով բեռնված իրենց մեքենաները դեռ տարանցիկ Վրաստանում շաբաթներ, մի քանիսն էլ ամսից ավելի կանգնած են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լարսով ալկոհոլ արտահանող հայկական ընկերությունների ապրանքը Վրաստանում ստուգվում է. ինչո՞ւ