Բորիս Ավագյանի մահից տասն օր անց Քննչականը հաղորդեց քննություն սկսելու մասին

Բորիս Ավագյանը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում, Երևան, ապրիլ, 2021թ.

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանում Արցախի նախկին պաշտոնյայի մահվանից մոտ տասն օր անց Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ինքնասպանության հասցնելու հոդվածով քննություն է սկսել:

Քննչականն առայժմ մանրամասներ չի հաղորդում այս գործից, չի բացահայտում, թե արդյոք Հայաստանում քննությունը կատարվելու է ռուսաստանցի իրավապահների հետ համատեղ: Բորիս Ավագյանի մահից հետո Ռուսաստանի քննչական կոմիտեն ևս քրեական գործ է հարուցել ինքնասպանության դրդելու հոդվածով:

Հնարավոր մեղադրյալների մասին տվյալներ հայտնի չեն: Ավագյանի փաստաբանն այսօր «Ազատությանը» փոխանցեց միայն, որ նրա դին դեռ Հայաստան չեն տեղափոխել: Կոնստանտին Տարասենկոն ավելի վաղ նշել էր, որ 42-ամյա Ավագյանի մարմինը ենթարկել են դատաբժշկական փորձաքննության՝ մահվան հանգամանքները պարզելու համար:

«Նախնական արդյունքները, կարծում եմ, այսօր Քննչականը կստանա: Մեզ խոստացել են՝ առաջիկա օրերին մարմինը մեզ հանձնեն, որ տեղափոխենք Հայաստան», - ասել էր փաստաբանը:

Ավագյանին անցած շաբաթ մահացած էին գտել հյուպատոսարանի զուգարանում:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալը հյուպատոսարանից իր վերջին տեսագրությունն էր հրապարակել, բացատրել, որ 14 ժամ է խնդրում է իրեն արտահանձնել հայրենիք, բայց հայաստանյան իշխանությունները մերժում են. - «Այսօրվա դրությամբ իրավապահ մարմինները չեն կարողանում ինձ պատասխանել, թե ինչ պատճառներով ՀՀ քաղաքացուն չեն կարողանում ձևակերպել էքստրադիցիայի պահը»:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում հերքել էր Ավագյանի՝ մահվանից առաջ հնչեցրած մեղադրանքները: Արսենյանը պնդել էր՝ հյուպատոսարանի աշխատակիցները նրա արտահանձնումը ոչ միայն չեն մերժել, այլև ժամեր շարունակ աշխատել են այն կազմակերպելու ուղղությամբ:

Արցախի նախկին պաշտոնյան մեղադրյալ էր միանգամից երկու երկրներում՝ Հայաստանում և Ռուսաստանում: Երևանը Ավագյանին հետախուզում էր փողերի լվացման, պետական սահմանն ապօրինի հատելու համար, ռուսական կողմը նրան դատարանի առջև էր կանգնեցրել ավելի քան 4,2 մլրդ ռուբլի մաքսատուրքերից խուսափելու գործով:

Փաստաբան Տարասենկոն «Ազատությանը» պատմել էր, որ Ավագյանի դեմ քրեական գործը ռուսաստանյան իրավապահները օգոստոսին որոշել են փակել՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու դիմաց:

«Նա ամբողջությամբ մեղքն ընդունել է, երբ պետական մեղադրողը ներկայացրեց մեղադրանքը: Բորիսն ինձ ասում էր՝ «ընդունում եմ մեղքս, եկեք արագ ավարտենք գործի քննությունը», - փոխանցել էր Տարասենկոն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելուց հետո Ավագյանն, ըստ փաստաբանի, ազատ է արձակվել, տեղափոխվել զորամաս, անցել բժշկական հետազոտություններ, անցած ուրբաթ էլ պետք է տեղափոխվեր հավաքակայան: Բայց դրա փոխարեն ռուսները նրան կրկին կանչել էին դատարան, տեղեկացրել, որ ռազմական գործողություններին մասնակցելու պայմանագիրը չեղարկել են, պատրաստվում են քրեական գործը վերաբացել:

«Մենք չափազանց զարմացած էինք, քանի որ ոչ մեկը այդ մասին չէր տեղեկացրել: Նրան դատարան ուղեկցող զինվորականները ևս զարմացած էին», - նշում էր Տարասենկոն:

Ավագյանը դատարանի նիստից դուրս էր եկել ու հասել Հայաստանի հյուպատոսարան, որտեղ անցկացրած 15 ժամերից հետո, նրա դին հայտնաբերել էին զուգարանում:

Ինչպե՞ս կընթանա քննությունը Հայաստանում և Ռուսաստանում. մինչ Հայաստանի քննչական կոմիտեն չի մանրամասնում, փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան ասում է՝ թեև դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հյուպատոսարանի տարածքում, բայց միջազգային պայմանավորվածությունների համաձայն՝ հիմնական քննությունը պետք է վարի ռուսական կողմը:

«Բայց դա չի նշանակում, որ հայ քննիչները Հայաստանից պետք է գնան Սանկտ Պետերբուրգ, որպեսզի էնտեղ քննչական գործողություն անեն: Էնտեղ ի՞նչ քննչական գործողություն՝ ամենաշատը պետք է ներսում մի հատ տարածքի զննում անեն, եթե իրեղեն ապացույց կա, իրեղեն ապացույցը հավաքեն, հավաքեցին՝ հետո՞ ինչ, պիտի բերեն Հայաստան, որ էստեղ քննություն վարե՞ն, իհարկե ոչ: Ամենաշատը՝ պետք է տան նորից ռուս քննիչներին, որպեսզի իրենք հետաքննություն անեն», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ղազարյանը:

Թե՛ հայկական, թե՛ ռուսական իրավապահները նաև չեն հստակեցնում՝ ինչո՞ւ են քննությունը վարում ինքնասպանության հասցնելու հոդվածով, ինչո՞ւ չեն քննվում նաև այլ վարկածներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քրեական վարույթ է նախաձեռնվել Բորիս Ավագյանին ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՀՀ ՔԿԲորիս Ավագյանի մահվան հանգամանքները դեռ պարզ չենԲորիս Ավագյանի մարմինը դիահերձարանից կուղարկվի դատաբժշկական փորձաքննության. РИАՄահացած են գտել Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի զուգարանում Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում ինքնասպան է եղել Բորիս Ավագյանը. РИА